HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկում են ունեցել Կապանում բացվելիք Իրանի հյուպատոսության մասին

Ապրիլի 29-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ 

Ինչպես հայտնում են մարզպետարանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ 

Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի եւ ԻԻՀ միջեւ տարբեր  ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։ 

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին այցի համար՝ նշելով, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի Հանրապետության, բայց հատկապես Սյունիքի համար, եւ մարզային իշխանությունը պատրաստ է ամեն ինչ անել՝ երկկողմ հարաբերություններն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ 

Դեսպան Զոհուրին, շնորհավորելով մարզպետին նշանակման կապակցությամբ, նշել է, որ չնայած մշակութային սերտ կապերին, տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ ցանկալի բարձր մակարդակում չեն, ու պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել այս տարվա մարտին առատ տեղումների պատճառով անանացանելի դարձած միջպետական մայրուղում դժվարության մեջ հայտնված իրենց քաղաքացիներին օգնելու համար։ 

Քաղաքական մի քանի շեշտադրում անելով՝  դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին եւ ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում  ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։ 

Սյունիքի մարզպետն ու Կապան համայնքի ղեկավարը շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար»,- ասել է Ռոբերտ Ղուկասյանը։ 

Իրանական կողմը ինը ամիս առաջ Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն էր ձեռքբերել, ու Աբբաս Բադախշան Զոհուրին նշել, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։ Դեսպանը ներկայացրել է նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։ 

Իրանական կողմը խոսել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սյունիքով անցնող հատվածի հանդեպ իրենց հետաքրքրվածության մասին եւս ու տեղեկացրել, որ դրա շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն հայտնած իրանական ընկերություններ կան։ 

Կողմերը խոսել են նաեւ հյուպատոսության բացումից հետո սպասվող նոր մակարդակի համագործակցության մի շարք ուղղությունների մասին՝ քննարկելով տնտեսական, կրթական, մշակութային ու այլ հարցեր։

Գեւորգ Փարսյանը հայտնել է, որ սեպտեմբերից համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Անդրադարձ է եղել նաեւ մարզկենտրոնի եւ իրանական որեւէ քաղաքի միջեւ քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։ 

Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter