HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր նորմերի հանդեպ». Ա. Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. 


Ի պատասխան մի շարք հարցումների՝ հերթական անգամ վերահաստատեմ ու հիշեցնեմ. Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ավելին, մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու:

Ի դեպ, այս դիրքորոշումը մշտապես ներկայացվել ու ներկայացվում է և՛ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ հրապարակայնացվում է: Այդ ուղուց շեղում որևէ մեկը չի կարող թույլ տալ իրեն, իսկ հայության մեջ ով այլ կարծիք ունի, պարտավոր է պարզապես հարգել արցախահայության կամքն ու իրավունքը որոշելու սեփական ճակատագիրն իր սեփական հայրենիքում:

Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից։

Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում:

Մեր ընտրած ուղին դժվար է ու երկար, սակայն՝ արժեքահեն ու արդար, և ոչ ոք իրավունք չունի դավաճանելու մեր սուրբ նախնիների, հայրերի ու եղբայրների պայքարին ու թափած արյանը, ինչպես նաև քար գցելու հաջորդ սերունդների ճակատագրի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter