Ա․ Վանեցյան․ «Ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը»․ բողոքի ակցիաների 6-րդ օրը
Այսօր իշխանությունների հեռացման պահանջով ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքի ակցիաների և իրազեկման երթերի 6-րդ օրն է։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շարունակում են իրազեկման երթերով Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից գալ Երևան։ Մինչ այդ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր երեկոյան մամուլի ասուլիսներ էին հրավիրել։ «Հետք»-ն առանձնացրել է քաղաքական գործիչների հիմնական մտքերը։
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ այսօր ավարտում են պայքարի երկրորդ փուլը։ «Վաղվանից անցնում ենք պայքարի երրորդ՝ վճռական փուլին։ Այսինքն՝ վաղվանից այն ուժերը, որոնք սկսեցին ապակենտրոն ցանցային պայքարը, միավորվելու են և միասնական ճակատով սկսելու են իրենց պայքարը՝ ավելի արդյունավետ և արագ։ Պայքարի ընթացքում չկան կուսակցական դրոշներ, չկան քաղաքական ընդգծված առաջնորդներ, այս պայքարն իրապես ժողովրդինն է, սա համազգային շարժում է, և այն տալու է իր պտուղները»,- ասել է նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտնել է, թե ինչ է անելու ընդդիմությունը իշխանությանը հեռացնելուց հետո։
«Առաջինը, որ պետք է անենք, պետք է պահպանենք եղածը, որովհետև այս իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց՝ ամեն օր մնալով, ունենում ենք նորանոր կորուստներ։ Նոյեմբերի 9-ից հետո ունենք թշնամու կողմից գրավված նոր գյուղեր, նոր զոհեր, նոր գերիներ։ Առաջին հերթին պետք է կասեցնենք միակողմանի զիջումների ընթացքը։ Պարտության անիվը պետք է կասեցնենք։ Պետք է սկսենք անմիջապես վերականգնել մեր հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, պետք է անպայման խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և խաղաղապահների հետ։ Ռուս խաղաղապահների հետ պետք է ունենանք հստակ պայմանավորվածություններ, որպեսզի նրանք Արցախի մնացյալ տարածքի և այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը»։
ԱԱԾ նախկին ղեկավարի հավաստմամբ՝ պատերազմից հետո, խոսքերից բացի, որևէ գործուն քայլ արված չէ բանակը վերականգնեու համար, և իրենք կարևոր են համարում բանակի վերականգնումը, որպեսզի այն տարածաշրջանում դառնա գործոն։
Ըստ Վանեցյանի՝ 44-օրյա պատերազմը ցույց է տվել, որ Հայաստանին և Արցախին, բացի ՌԴ-ից և Ֆրանսիայից, ոչ ոք չի աջակցում։
«Արցախի կարգավիճակի հարցը պիտի լինի օրակարգում։ Որևէ պարագայում չենք համաձայնվելու, որ Արցախի հիմնահարցը փակված է»,- նշել է նա։
Անդրադառնալով իշխանության այն հայտարարությանը, որ ընդդիմության գործողությունները կարող են պատերազմի տանել՝ Վանեցյանն ասել է, որ դա նրանց հերթական կեղծ պնդումն է, և պատերազմը մինչ օրս չի ավարտվել։
«Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմի չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը»։
Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը ճիշտ է անում, որ անհանգստանում է․ «ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով և հանրային մեծ ճնշմամբ կարճ ժամանակում հասնելու է իշխանությունների հեռացմանը»։
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ նա նշել է, որ իրենք դեմ չեն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, բայց դա չպետք է լինի՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, պատմական պայմանների ոտանահարման, Արցախի և հայ ժողովրդի։
«Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն։ Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ Արցախի հարցը գոյություն ունի։ Մեր դիրքորոշումն այն է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Պետք է միաժամանակ սկսենք 2 գործընթաց՝ Հայաստանի բանակի վերականգնում և դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով՝ հիմնական խաղացողների հետ»։
Լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվել է՝ ով է առաջնորդելու ընդդիմության շարժումը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պատասխանել է․ «Այս պայքարը սկսել ենք ապակենտրոն ցանցային, արդեն վաղը բոլոր ուժերը կմիավորվեն, ով կլինի առաջնորդը, այս պահին չենք քննարկել։ Պայքարում ենք ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ հանուն մեկ գաղափարի՝ ունենալու հզոր Հայաստան։ Եթե զգանք, որ հասնում ենք էն փուլին, որ պետք է խոսենք՝ ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագա Կառավարությունում, անպայման կխոսենք»։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ արդյոք ընդդիմությունը պատրաստ է համախմբվել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի շուրջ, Վանեցյանն ասել է․ «Պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, ով ի վիճակի կլինի լուծել այն հարցը, որը դրված է բոլորիս առջև, այդ թվում՝ Արման Թաթոյանի»։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն էլ հայտնել է, որ կարճ ժամանակ հետո հայ ժողովուրդը կապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի և պետք է հեռանա։
«Գլխավոր հարցը, որ անցած շաբաթվա ընթացքում մենք, մեր ժողովուրդը լուծել է, դա թշնամի երկու պետություններին, մեզ բարեկամ և ոչ բարեկամ երկրներին, միջազգային հանրությանը շատ հստակ ուղերձ հղելն էր, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»,- ասել է Սաղաթելյանը։
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանին հեռացնելու են հանարային լայն ճնշման ներքո։
«Եթե այս իշխանությունը մնա, կտոր-կտոր, մաս առ մաս կորցնելու ենք Արցախը, Հայաստանը և առհասարակ հայոց պետականությունը։ Որևէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել։ Հնարավորություն կա և՛ երկրի պոտենցիալը վերականգնելու, և՛ անվտանգության համակարգերը կարգավորելու, այս իրավիճակում կարևոր է արտաքին քաղաքականությունը։
Նոր իշխանությունը պետք է գա, խոսի և՛ Արդբեջանի, և՛ Թուրքիայի հետ, բայց պետք է գնա ոչ թե ասի ձեզ ի՞նչ տամ, է՞լ ինչ եք ուզում, այլ գնա և պաշտպանի իր երկրի շահերը։ Դրա համար պետք է ուժեղ Հայաստան»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ուժեղ Հայաստան կերտելու են արդյունավետ կառավարմամբ։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ վաղը Ֆրանսիայի հրապարակում կհայտարարեն հետագա գործողությունների մասին, լինելու են անհնազանդության ակցիաներ։
«Հասնելու ենք նրան, որ ցույց տանք՝ ինքն (հեղ․ Նիկոլ Փաշինյանը) այլևս իշխանություն չունի Հայաստանում։ Սա պայքար չէ իշխանության համար, խնդիր ունենք Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերել»,- նշել է Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ բացառում է Փաշինյանի հետ ընտրությունների գնալու տարբերակը։
Անդրադառնալով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման վտանգներ, և ԱԱԾ-ն ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն՝ պատգամավորն ասել է․ «Դա մեր սահմանադրական իրավունքն է դուրս գալ փողոց և մեր անհնազանդությունը խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնել։ Ունենք տեղեկություններ, որ օրվա իշխանության կողմից կան խմբեր, որոնք դիմելու են սադրանքների, մեզ փորձելու են մեզ ներկայացնել տեռորիստներ»։
Նա կոչ է արել ոստիկանությանը զբաղվել սադրիչ խմբերով։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ կառավարությունը չի լինելու մեկ անձի, մեկ կուսկացության, մեկ առաջնորդի կառավարություն։ «Այն ձևավորվելու է պայքարին մասնակցած ուժերի կողմից, և այն անձն, ով լինելու է վարչապետ, պետք է ունենա հանարային լայն վստահություն»։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրները վաղը՝ մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, հանրահավաք են իրականացնելու Ֆրանսիայի հրապարակում։ Ըստ նրանց՝ սկսվելու է պայքարի վերջնական փուլը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել