Մրգահովիտ գյուղում սկսվում է «Դրախտի վերականգնումը»
«Էյ թի փի» ԲՀ-ն («Հայաստան ծառատունկ» ծրագիրը) և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնը նոր ծրագիր են սկսում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Ծրագիրը, որ կոչվում է «Դրախտի վերականգնում», համագործակցություն է երկու բնապահպանական կազմակերպության միջև:
Շեշտը դնելով ծառերի կարևորության, բնական միջավայրի պահպանության և թափոնների պատշաճ կառավարման վրա՝ համագործակցությունը տեղական երիտասարդությանը և համայնքային բնակչությանը կներգրավի նոր զբոսայգու ստեղծման, բնապահպանական կրթության, աղբի հավաքման և վերամշակման ծրագրերում:
Քանի որ Մարգահովիտ գյուղը չունի զբոսայգի կամ կանաչ գոտի, որտեղ բնակիչները կարող են հավաքվել ու հանգստանալ, «Էյ թի փի»-ն կանաչ գոտի կստեղծի համայնքի համար: «Մենք ծառատունկ կկազմակերպենք տեղի բնակիչների, դպրոցականների և համայնքի այլ երիտասարդ անդամների հետ: Հետագայում մենք ակնկալում ենք, որ համայնքը նստարաններ կբերի և խաղահրապարակ կհիմնի՝ այսպիսով այս տարածքը դարձնելով ժամանցային ռեսուրս»,- ասում է «Էյ թի փի»-ի տնօրեն Ջեֆ Մասարջյանը:
Ծառատունկից բացի՝ «Էյ թի փի»-ն և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնը կաջակցեն Մարգահովտի պետական դպրոցում էկո ակումբի և չափահաս բնակիչների համար բնապահպանական ծրագրի ստեղծմանը՝շեշտը դնելով ծառերի տնկման ու խնամքի, աղբի վերամշակման ու թափոններից կոմպոստ ստեղծելու վրա:
«Հակոբյան» բնապահպանական կենտրոնը նաև մի շարք դասընթացներ կանցկացնի դպրոցականների համար՝ «Թռչունների արժևորումը և դրանց բնական միջավայրի պահպանությունը» թեմայով: Դասընթացներն ուղղված կլինեն թռչունների ճանաչմանը, Լոռու թռչունների ձմեռմանն ու բազմացմանը, թռչունների բնական միջավայրի պահպանման ուղիներին և բնության ու բնական միջավայրի վրա թափոնների ազդեցությանը:
«Հայաստանի կենսաբազմազանությունը եզակի է ժամանակակից աշխարհի համար: Շատերը սփյուռքում տեղյակ չեն Հայաստանում մնացած բնական գանձերի մասին, և որ դրանց վերացման ցուցանիշն աճել է անկախությունից ի վեր: Այս կորուստը դադարեցնելն ու վերականգնելը կարևոր կլինի Հայաստանի հաջող ապագայի համար: «Դրախտի վերականգնում» ծրագիրը մի քայլ է այդ ուղղությամբ»,- ասում է «Հակոբյան» կենտրոնի բարերար Ջեֆ Հակոբյանը:
«Այդ դասընթացներն առանձնահատուկ կարևոր են, քանի որ անցկացվում են կրտսեր սերնդի համար, ովքեր մի օր դառնալու են Հայաստանի ապագա վճիռ կայացնողները: Նպատակը բնության և դրա արժեքի, ինչպես նաև բնության շրջապտույտների մեջ մարդկության դերի մասին ուժեղ հասկացողություն ստեղծելն է»,- ասում է «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի կամավոր Ալեքս Կարապետյանը:
«Դրախտի վերականգնում» համագործակցության վերջնական ասպեկտը վերամշակման և թափոնների հեռացման ծրագրերի իրականացումն է: «Էյ թի փի»-ի և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի անձնակազմը և տեղի բնակիչները մաքրման աշխատանքներ կկազմակերպեն Մարգահովիտ գյուղում՝ որպես «Մենք կարող ենք, Հայաստան» քարոզարշավի մաս՝ նախատեսված 2012թ. սեպտեմբերի 15-ին:
«Մենք կարող ենք, Հայաստան»-ը համահայկական կամավորական շարժում է՝ կապված 2012թ. համաշխարհային մաքրման նախաձեռնության հետ: Շարժման նպատակն է բոլորին միավորել ողջ Հայաստանը, ներառյալ պատմական և մշակութային վայրերը աղբից մաքրելու գաղափարի շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել