HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Վանեցյանը հայտնում է, որ հանրահավաքի ժամանակ ընդհարումներ և բախումներ չեն պլանավորել

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել այսօր՝ մայիսի 1-ին, իրականացվելիք հանրահավաքի մասին։ Հայտարարության մեջ նշվում է․

«Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։

Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։

Պաշտոնապես հայտարարում եմ.

Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։

Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։ Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:

Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։

Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք… Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է: Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ: Հաջողելու ենք միասին…»։

Այս հայտարարությունից հետո Արթուր Վանցեյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց  Ոստիկանությանը, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին․

«Կոչ եմ անում Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ: Հրապարակում հավաքվող մարդիկ նաև ձեր  երեխաների և ձեր ընտանիքների համար են պայքարում: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ որևէ պարագայում չտրվել սադրանքների, չտրվել իշխանական քարոզիչների մանիպուլացիաներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապօրինությունները կանխելու լավագույն միջոցը այսօր ընտանիքով, ընկերներով և հարազատներով Ֆրանսիայի հրապարակում ձեր ներկայությամբ այս իշխանություններին ոչ ասելն է։ Եղե՛ք վստահ, եղե՛ք վճռական և իմացեք, որ մենք միասին շատ կարճ ժամանակում անպայման, անպայման հաջողելու ենք՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի: Առա՛ջ»,- հայտնեց նա:

Նշենք, որ այսօր իշխանությունների հեռացման պահանջով ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքի ակցիաների և իրազեկման երթերի 7-րդ օրն է։ Երեկ՝ ապրիլի 30-ին, Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, հանրահավաք են իրականացնելու Ֆրանսիայի հրապարակում։ Ըստ նրանց՝ սկսվելու է պայքարի վերջնական փուլը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter