HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 68-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Մայիսի 2-ի առավոտյան ամփոփումը սկսենք գլխավոր նորություններով։

  • Մարիուպոլի «Азовсталь» գործարանից մոտ 100 խաղաղ բնակիչ է տարհանվել մայիսի 1-ին։ Այսօր՝ մայիսի 2-ին, տարհանումը պետք է շարունակվի ՄԱԿ-ի և Կարմիր խաչի աջակցությամբ։ Մարդկանց տարհանման համար համաձայնեցվել են երկու լրացուցիչ տեղանքներ, որտեղ պետք է վայրէջք կատարի տարհանող շարասյունը։ Դա Մանգուշ գյուղն ու Բերդյանսկի մոտ գտնվող Լունաչարի օղակն է։
  • Այսօր կկայանա նաև տնտեսական հարցերով ԵՄ նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ քննարկման գլխավոր թեման կլինի ռուսական գազի համար ռուբլով վճարման հարցը, ինչը պահանջում է Կրեմլը։
  • Համանուն բանկի հիմնադիր, գործարար Օլեգ Տինկովը, որը դեմ էր արտահայտվում Ուկրաինայում պատերազմին, պնդում է, որ ռուսական իշխանություններն իրեն ստիպել են վաճառել «Тинькофф» բանկի բաժնետոմսերի 35 %-ը՝ սպառնալով ազգայնացնել այն։
  • Մեծ թատրոնը չեղարկել է Կիրիլ Սերեբրեննիկովի «Նուրեև» բալետը և Տիմոֆեյ Կուլյաբինի «Դոն Պասկուալե» օպերան։ Երկու ռեժիսորներն էլ դեմ էին արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
  • Աշխարհի նախկին առաջին ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը հայտարարել է, որ չի աջակցում Ուիմբլդոնի թենիսային մրցաշարից ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների հեռացմանը։
  • Դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ժամանել է Լվովի մարզի Բորիսլավ քաղաք։ Բորիսլավում նա եղել է «Гармония» վերականգնման կենտրոնում, որտեղ հիմա ապրում են Լուգանսկի մարզից տարհանված երեխաները։

Բելգորոդում առնվազն երկու պայթյուն է եղել։

Այդ մասին մայիսի 2-ի առավոտյան հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«30 րոպե առաջ արթնացել եմ երկու ուժեղ պայթյունից։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ վնասներ և փլուզումներ չկան։ Տուժածներ չկան։ Սոցիալական ցանցերում արդեն հայտնվել են օդում պայթյունների կադրեր»։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն՝ Ուկրաինայում պատերազմի մասին

  • Հակամարտության սկզբից Ռուսաստանը գործի է դրել ավելի քան 120 գումարտակային մարտավարական խմբեր, ինչը կազմում է նրա ցամաքային մարտական թվաքանակի մոտավորապես 65 տոկոսը:
  • Հավանական է, որ այդ խմբերից ավելի քան 4-ը շարքից դուրս է բերվել։
  • Ամենաշատը տուժել են ռուսական բանակի էլիտար ուժերը, այդ թվում՝ օդադեսանտային զորքերը։ Հավանական է, որ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերստեղծվեն այդ ուժերը։

Դանիան և Շվեդիան Ռուսաստանին մեղադրել են իր օդային տարածքը խախտելու մեջ։

Սկանդինավյան երկրները հայտարարել են, որ ռուսական հետախույզ ինքնաթիռը խախտել է երկու երկրների օդային տարածքը։

Շվեդիան և Դանիան արտաքին քաղաքական գերատեսչություն են կանչել ռուսական դեսպաններին։

Դանիայի պաշտպանության հրամանատարությունը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռը Դանիայի օդային տարածքում «շատ քիչ է եղել» և դանիական F-16 կործանիչները «անմիջապես միջամտել են»։

Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի խախտումը «բացարձակ անընդունելի էր և հատկապես տագնապալի ընթացիկ իրավիճակում»։

Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, այն դեպքում, երբ Շվեդիան որոշումը, թե արդյոք պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Սակայն Շվեդիայի պաշտպանության նախարարը Dagens Nyheter թերթին հայտարարել է, որ չկա որևէ ապացույց այն բանի, որ պատահարը կապ ունի այդ քննարկումների հետ։

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մայիսի 9-ին չի ավարտի Ուկրաինայում ռազմական գործողությունը

Ռուսաստանը չի փորձի մայիսի 9-ին Ուկրաինայում ավարտել ռազմական գործողությունը, երբ երկրում կտոնեն Հաղթանակի օրը։ Այդ մասին իտալական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր զինվորականները արհեստականորեն չեն փորձի արագացնել մինչև որևէ ժամկետ, ներառյալ Հաղթանակի տոնը»,- ասել է Լավրովը։

Հարցազրույցի ժամանակ ռուսաստանցի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է նպաստել խաղաղության հաստատմանը, եթե «դադարեցնի տալ հանցագործ հրամաններ իր նեոնացիստական գումարտակներին, ստիպի նրանց ազատ արձակել բոլոր քաղաքացիականներին և դադարեցնի դիմադրությունը»։

Հարցազրույց վերցնող լրագրողը Լավրովից ճշտել է՝ արդյոք դա նշանակում է, որ նախագահ Զելենսկին հանձնվի, և դա արդյոք ռուսական կողմի նախապայմանն է։ «Մենք չենք պահանջում, որ նա հանձնվի։ Պահանջում ենք, որ նա հրաման տա ազատ արձակել բոլոր քաղաքացիականներին և դադարեցնի դիմադրությունը»,- պատասխանել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում Ուկրաինայում ռեժիմի փոփոխությանը՝ դա անվանելով «ամերիկյան մասնագիտացում»։

«Ցանկանում ենք ապահովել Ուկրաինայի արևելքում մարդկանց անվտանգությունը, որպեսզի նրանց չսպառնա ոչ այդ երկրի ռազմականացումը, ոչ էլ նացիֆիկացիան, իսկ Ուկրաինայի տարածքից անվտանգության սպառնալիքներ չլինեն Ռուսաստանի Դաշնության համար»,- ասել է Լավրովը։

«Азов» գունդը ցուցադրել է «Азовсталь»-ից մարդկանց տարհանման կադրերը։

Ուկրաինական «Азов» գունդը ցուցադրել է «Азовсталь»-ից մարդկանց տարհանման կադրերը։ Նախօրեին այնտեղից ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջնորդությամբ տարհանվել էին տասնյակ քաղաքացիական անձինք։

Թուրքիայի և Բրազիլիայի նախագահները պատրաստ են ժամանել Մոսկվա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն պատրաստ են ժամանել Մոսկվա, որպեսզի օգնեն կարգավորել Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այդ մասին Չավուշօղլուն հայտնել է Լատինաամերիկյան շրջագայության ժամանակ, որի ընթացքում նա եղել է Ուրուգվայում, Բրազիլիայում, Էկվադորում, Կոլումբիայում, Պանամայում և Վենեսուելայում։

«Բրազիլիան և Վենեսուելան լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Չնայած դրան, երկու երկրներն էլ հայտարարել են, որ պատերազմը պետք է դադարեցվի»,- ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն հայտարարել է, որ պատրաստ է մյուս նախագահների, այդ թվում Էրդողանի հետ համատեղ այց կազմակերպել Մոսկվա։

«Մենք կցանկանայինք մեր ներդրումն ունենալ ձեր ջանքերում»,- այդպես է Թուրքիայի ԱԳ նախարարը վերաշարադրել Լատինական Ամերիկայի երկրների դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմում Անկարայի ջանքերի վերաբերյալ։

Չավուշօղլուն խոստացել է, որ Թուրքիան կուսումնասիրի այդ հարցը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter