Ավտոմեքենայում հրազեն և ռազմամթերք պահելու դեպքով 3 անձ բերման է ենթարկվել․ ՔԿ
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ:
ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2022թ. մայիսի 1-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից Acura մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են РПК տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև 8 հատ դատարկ պահունակ:
Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպքի մասին հաղորդագրություն էր տարածել ոստիկանությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել