
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 50 մլն դրամ գրավով ազատ կարձակվի
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, այսօր որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին:
Այս մասին հայտնում է Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, սակայն 2022 թվականի փետրվարի 7-ին կրկին կալանավորվել է։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը բեկանել է նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշումը:
Ինչպես հայտնի է, Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավոր Բախշիյանի նկատմամբ 2022 թվականի հունվարին քրեական հետապնդում է սկսվել, որը կապված է Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին կալանավորելու հետ:
Այս գործով դատական նիստերից մեկին Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձը` Նվեր Մկրտչյանը, չի ներկայացել։ Պաշտպանը գրությամբ հայտնել է, որ ինքը ներկայանալ չի կարող, պաշտպանյալն էլ չի ցանկանում առանց պաշտպանի ներկայանալ, և դատավոր Բախշիյանը որոշել է Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը փոխել կալանքով:
Բախշիյանի լիազորությունները կասեցվել են, որից հետո Փարամազյանի գործը մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին:
Հատկանշական է, որ Բախշիյանը Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր 70 մլն դրամ գրավով, իսկ այժմ, փաստորեն, նրա նկատմամբ կիրառվել է գրավ 50 մլն դրամի չափով:
Մեկնաբանել