HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հիտլերը ևս հրեական արյուն է ունեցել». ՌԴ ԱԳ նախարարը հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում։ Իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Լավրովին հարցրել են, թե ինչպես կարող են Ուկրաինային «նացիֆիկացման» մեղադրանքներ ներկայացվել, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։

Հարցազրույցի սղագրությունը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն, որտեղ Լավրովը մասնավորապես նշել է. «Նա (Զելենսկին-խմբ.) փաստարկ է առաջ քաշում։ Ինչպես կարող է նրանց մոտ նացիֆիկացում լինել, եթե նա հրեա է։ Կարող եմ սխալվել, բայց Հիտլերը ևս հրեական արյուն է ունեցել։ Դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են: Ինչպես մեզ մոտ են ասում, «ընտանիք չկա՝ առանց հրեշի» (հայերեն համարժեքը՝ «գյուղ չկա, որ շուն չլինի»-խմբ.)»,- ասել է Լավրովը։

Իսրայելն արձագանքել է ռուսաստանցի նախարարի խոսքերին։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովի խոսքերը սուտ են։ «Ես շատ լուրջ եմ վերաբերում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ Նրա խոսքերը սուտ են, իսկ դրանց նպատակը՝ սխալ։ Նման սուտը նախատեսված է նրա համար, որպեսզի հենց հրեաները մեղադրվեն պատմության մեջ իրենց իսկ դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործությունների մեջ՝ այդպիսով հանելով պատասխանատվությունը մարդասպանների և Իսրայելի ժողովրդին հետապնդողների վրայից»,- հայտարարել է Բենեթը։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ մեր օրերում չկա պատերազմ, որը նման լինի Հոլոքոստին կամ համեմատելի լինի դրա հետ։ «Անմիջապես պետք է դադարեցվի հրեա ժողովրդի Հոլոքոստի կիրառումը քաղաքական գործիքի տեսքով»,- հավելել է Բենեթը։

Լավրովի հայտարարությանն անդրադարձել է նաև Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը։ Նրա խոսքով՝ Սերգեյ Լավրովի հայտարարություններն «աններելի են, վրդովեցուցիչ և կոպիտ պատմական սխալ»։ «Ասել, որ Հիտլերը հրեա է եղել, նույնն է, ինչ ասել, որ հրեաներն իրենք են իրենց սպանել։ Հրեաների դեմ ռասիզմի ամենացածր մակարդակը հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելն է»,- ընդգծել է նա։

Foreign Minister Lavrov’s remarks are both an unforgivable and outrageous statement as well as a terrible historical error. Jews did not murder themselves in the Holocaust. The lowest level of racism against Jews is to accuse Jews themselves of antisemitism.

— יאיר לפיד - Yair Lapid🟠 (@yairlapid) May 2, 2022

Լապիդի պնդմամբ՝ Իսրայելը սպասում է Լավրովի ներողությանը և ԱԳՆ է հրավիրել Թել Ավիվում ՌԴ դեսպանին։

Լավրովի հայտարարությունը դատապարտել են նաև իսրայելցի այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» համալիրի նախագահ Դանի Դայանը։ Նրա խոսքով՝ Լավրովը «զոհերին վերածել է հանցագործների՝ առաջ քաշելով միանգամայն կեղծ պնդումներ այն մասին, թե Հիտլերն ունեցել է հրեական ծագում»։

Լուսանկարը՝ Alexander Zemlianichenko/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter