
Ուկրաինայում պատերազմի 68-րդ օրը (երեկոյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 68-րդ օրվա երեկոյան ամփոփումը սկսենք ժամի գլխավոր նորությամբ։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Օդեսայում պայթյունների մասին։
Քաղաքում և Օդեսայի մարզի տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Աշխատում է ՀՕՊ համակարգը։
Ուկրաինան պարզել է Բուչայում խաղաղ բնակչության սպանությունների և կտտանքների մեջ կասկածվող առաջին անձի ինքնությունը։
Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը։ Ռոսգվարդիայի զինծառայողին հեռակա մեղադրանք է առաջադրվել: Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ չի նշվում կասկածյալի անունը, սակայն հրապարակվել է նրա լուսանկարը։ Ինչպես նշվում է, զինծառայողի ինքնությունը պարզվել է «Следствие. Инфо»-ի լրագրողների օգնությամբ։ Պարբերականի նյութում նշվում է, որ դա Բելառուսի քաղաքացի Սերգեյ Կոլոցեյն է։ Այդ անունը նշել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազը։
Քննության տվյալներով՝ 2022 թվականի մարտին կասկածյալը Բուչայում սպանել է առնվազն 4 խաղաղ բնակչի։ Նրանց ձեռքերը կապված են եղել, իսկ մարմինների վրա՝ կտտանքների հետքեր։ Պարզվել է նաև, որ զինվորականը տանջել է քաղաքի բնակիչներից մեկին՝ ստիպելով խոստովանել, որ ռուսական բանակի դեմ քայքայիչ գործունեություն է իրականացրել։
Ավելի վաղ, Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան նշել է ՌԴ ցամաքային զորքերի 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 10 զինծառայողների անունները, որոնք կասկածվում են «քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ»։
Ավստրիան, Հունգարիան և Սլովակիան հետ են կանչել ռուսական էներգակիրների նկատմամբ էմբարգոյի կիրառման իրենց վետոյի իրավունքը։
Այդ մասին հայտնում է գերմանական ZDF հեռուստաընկերությունը՝ հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրին։
Ռուսական էներգակիրների էմբարգոն քննարկվում է ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում։ Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի առաջիկա օրերին։ Հունգարիան բացահայտ սպառնացել էր արգելափակել ռուսական նավթի և գազի վրա պատժամիջոցների սահմանումը։
Չեխիայի նախագահ. Ռուսաստանին սպասվում է «քաղաքական հեղինակության ավարտ»
Միլոշ Զեմանը Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի որոշումն անվանել է «ռուս ժողովրդի շահերի դեմ վատագույն քայլ»։ Ըստ նրա՝ Պուտինը տրվել է ՌԴ բանակի ամենակարողության պատրանքին։ Չեխիայի նախագահի կարծիքով, որը նախկինում ռուսամետ դիրքորոշում ուներ, պատերազմի արդյունքը կլինի Ռուսաստանի «քաղաքական, տնտեսական հեղինակության ավարտը»։
Զեմանը հայտարարել է, որ Պուտինը խաղաղության դեմ հանցագործություն է իրականացրել, ինչը ռազմական հանցագործության հոմանիշն է։
Չեխիայի առաջնորդի կարծիքով՝ Մոսկվայի կողմից ռազմավարական միջուկային զենքի հնարավոր կիրառումը կնշանակի, որ այդ երկիրը հրաժարվում է սեփական գոյությունից, քանի որ «անպայման կհաջորդի ՆԱՏՕ-ի պատասխան հարվածը»։
ՄԱԿ. Ավելի քան 5,5 մլն փախստական լքել է Ուկրաինան
ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից մայիսի 1-ը Ուկրաինան լքածների թիվը հասել է 5 539 184-ի։ Նրանցից ավելի քան 3 միլիոնը մեկնել է Լեհաստան, գրեթե 826 հազարը՝ Ռումինիա, իսկ մոտ 681 000-ը՝ Ռուսաստան։
Թուրքիայի և Ռուսաստանի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում առկա իրավիճակը, այդ թվում՝ մարդասիրական հարցերը։
Պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը լքել է «Яндекс»-ի ավելի քան 2000 աշխատակից։
Դա ընկերության աշխատակիցների մոտ 10 %-ն է, պնդում են The Insider-ի, The Bell-ի աղբյուրներն ու լրագրող Ռոման Սուպերը։
Ընդ որում, աշխատակիցների ճնշող մեծամասնությունը շարունակում է հեռավար աշխատել, չկան էական զանգվածային հեռացումներ։ Ինչպես գրում է The Bell-ը, «Яндекс»-ի աշխատակիցների լքել են երկիրը նաև չարթերային թռիչքներով։ Մոտ 800 մարդ մեկնել է Թուրքիա, մյուսները՝ Հայաստան, Վրաստան և Իսրայել։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել