HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Սարգսյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն

Կարինե Սարգսյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն։ Այս մասին հայտնում են Հիմնադրամի լրատվության բաժնից։

Կարինե Սարգսյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հրաշալի թիմին, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։

Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը»։

Միասին՝ հերոսի կողքին»,- ասված է ուղերձում։

Հիմնադրամի նորանշանակ տնօրենը Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր Կարինեն զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը։ 

ԶԱՀ-ի մասին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» անկախ և ապաքաղաքական կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter