
Ալեն Սիմոնյան. «Ներքաղաքական ճգնաժամ չեմ տեսնում, կարծում եմ` շատերը չպետք է վերադառնան այս դահլիճ»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողություններն, ընդհանուր առմամբ, իրավաչափ է գնահատում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը` անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողություններին: Դիտարկմանը, թե արդյոք իրավաչափ է ոստիկանի կողմից «քաղաքացուն բոքսելը», Սիմոնյանն արձագանքեց.
«Ոստիկանությունը բոքսում է արտահայտությունը խնդրում եմ հանեք ձեր լեքսիկոնից, մի դեպքը ընդհանրացնելը և հոգնակի թվով ներկայացնելը լրատվամիջոցին պատիվ չի բերում: Ես, ճիշտն ասած, քիչ եմ հետևում, լսել եմ այդ դեպքի մասին: Ես արդեն ասացի, որ ոստիկանության գործողություններն, ընդհանուր առմամբ, գնահատում եմ համաչափ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իավունքները պահպանում են և թույլ չեն տալիս տարբեր փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին»:
Սիմոնյանի խոսքով` փողոց դուրս եկած քաղաքացիներն էլ իրենց հերթին են իրացնում իրենց իրավունքը, այդ որոշմանը հարգանքով է վերաբերվում և կարծում է, որ վերջիններիս իրավունքները ևս պետք է պաշտպանվեն: Նրա խոսքով` ոստիկաններն իրենց աշխատանքն են կատարում, և կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք ուղեկցում ցուցարարներին:
Հարցին, թե ինչպես է տեսնում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը՝ ԱԺ խոսնակը պատասխանեց.
«Ներքաղաքական ճգնաժամ չեմ տեսնում: Այն ուժերը, որոնք ընտրություններում պարտվեցին, փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով ալիք բարձրացնել: Իրենք իրենց ոգևորում են, բայց ինձ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունը արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից: Ես ներքաղաքական որևէ լարում չեմ տեսնում»:
Ալեն Սիմոնյանը զուգահեռներ իրականացրեց ընդդիմության գործողությունների և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի հետ: Նրա խոսքով` ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին սահմանին ադրբեջաբական կողմից գրանցվել են մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ:
«Հետևությունները թողնում եմ ձեզ: Գրեթե միշտ ընդդիմության գործողությունները համընկնում են կամ երկրի ղեկավարի կամ կարևոր այցերի, հանդիպումների հետ, կամ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Չեմ համարում, որ սա զուգադիպություն է, համարում եմ որ ինչ-որ ձևով դա համակարգվում է: Բացահայտումները, որ ԱԱԾ-ի կողմից արվում են, կարծում եմ` դրա մի մասն է, բայց մեր քաղաքացիներն ամեն ինչ հասկանում են, չեն միանում էդ միտինգներին»,- ասաց նա:
Սիմոնյանի համոզմամբ` ընդդիմությունը պետք է ձևավորի իր առաջարկը, պետք է հանրությանը պատասխանեն, թե իրենք ինչ են պատրաստվում անել Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Նրա խոսքով` թե՛ ՀՅԴ-ն, թե՛ պաշտոնաթող նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանը շուրջ քսան տարի ունեցել են անվտանգության համար ինչ-որ բան անելու ժամանակ, սակայն ոչինչ չեն արել:
«ՀՀ անվտանգությունը, մեր իրավիճակից ելնելով, իշխանությունն ապահովում է շատ ավելի լավ, քան այն դերակատարները, որ դրա մասին խոսում են, կարողացել են ապահովել ու կկարողանան էս վիճակում ապահովել: Ես իրենց հասկանում եմ` իրենց համար միգուցե վերջին շանսն է սա, այս փորձից հետո կարծում եմ` շատերը չպետք է վերադառնան այս դահլիճ, քանի որ իրենց քաղաքական ասելիքը սպառված է»,- եզրափակեց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել