
300-ից ավելի օտարերկրացի աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է ստացել․ Ա․ Ղազարյան
Հայաստանում վերջին 4 ամսում աշխատանք է գտել 300-ից ավելի օտարերկրացի` ստանալով աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ: Խորհրդարանում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Օտարերկրացիները կացության վիճակ են ստացել Workpermit.am կայքի հեշտացված տարբերակով:
Արմեն Ղազարյանը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները:
«Դրանով դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը, թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից, և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելին, ներկայումս այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Workpermit.am կայքի միջոցով, և ամբողջ գործընթացն առավելագույնը տևում է 30 օր»,- ասաց նա:
Միգրացիոն ծառայության պետի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ազատված են աշխատանքի նման թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պարտավորությունից, վերջիններս կարող են տվյալ հարթակի միջոցով ստանալ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքն, ըստ Արմեն Ղազարյանի, տրամադրվում է առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում:
Հարցից հետաքրքրվող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը գործատուների ուշադրությունը հրավիրեց՝ հավելելով, որ դյուրացված կարգով կարող են նաև օտարերկրացի մասնագետներ ներգրավել ընկերություններում:
«Առաջին 4 ամիսների ընթացքում արդեն 300-ից ավել նմանատիպ կացության կարգավիճակ է տրամադրվել, դիմումները 500-ից ավելին են»,- հավելեց Արմեն Ղազարյանը:
Մեկնաբանել