Տղա հավանելու վերջը. կայացավ Տաիշա Աբելարի գրքի շնորհանդեսը
«Քյասար երկու օրից զանգում ա: Բացահայտ ցրում եմ: Հնար չկա: Դուրն էկել էի: Կես ժամվա անկապ խոսակցություն, որի ընթացքում ուղարկեցի իրանց գյուղ, որ բանջարեղեն ծախի: Որսորդության մասին էլ մոռացել էի: Որսորդ Լեռնիկը: Երեւի մտքին դրել էր Տաիշին որսար, էլ չգիտեր ոտը որտեղ ա դնում»: Տաիշա Աբելարի (գրական կեղծանունն է) պատմվածքներից մի հատված է: Երեկ` «Տղա հավանելու վերջը» իր հեղինակած գրքի շնորհանդեսի ժամանակ, Տաիշան ինքը կարդաց «Լեռնիկը» պատմվածքն ամբողջությամբ, որից հետո ներկաները քննարկեցին պատմվածքները, գրքի մշակույթի հետ կապված որոշ հարցեր:
«Տղա հավանելու վերջը» գրքի հերոսուհին Տաիշան է, ով անկաշկանդ պատմում է իր մասին, նա հասարակությունում ընդունված, հասարակական կանոններով ապրող կին չէ, այլ` համարձակ, անկաշկանդ մի կին է, ով տարբեր է, ընդունված շաբլոնից դուրս:
«Ես խորը անհամաձայնություն ունեմ որոշ հարցերի շուրջ: Մարդը ծնվում է, նրան դաստիարակում են, ինչ-որ բաներ սովորեցնում, ու երբ սկսում ես գիտակցել, դու հասկանոմ ես, որ կան որոշակի շաբլոններ, որոնց հետ դու պիտի հաշվի նստես: Առանց դրանց դու չես կարող ապրել այս հասարակությունում: Բայց խնդիրն այն է, որ ես դրանց հետ համաձայն չեմ: Կան որոշակի բաներ, որ չես կարող հաշվի չառնել… Բայց էն ժամանակ, երբ դրանք ձեւավորվել են, ոչ մեկ չի հարցրել` ուզել եմ դրանք, թե ոչ»,-ասում է Տաիշան: Նրա խոսքերով, երբ ինքն սկսեց գիտակցել, հասկանալ, զգաց, որ համաձայն չէ այդ շաբլոնների հետ. «Ու էդ անհամաձայնությունն իմ մեջ Տաիշան է, որը համաձայն չէ ընդունված ամեն ինչի հետ: Դրա համար ստեղծվեց Տաիշան, որ գրում է էդ ամեն ինչը, գրում է այն բաների մասին, ինչ ուզում է, եւ այն մարդը, որ ապրում է այս հասարակությունում, էնքան էլ կապ չունի Տաիշայի հետ: Իսկ նա գրում է այն, ինչ զգում է, ինչ ուզում է, եւ ազատ է դա արտահայտելում»,-բացատրում է Տաիշան:
Ընդ որում, նա այս հրատարակության համար ընտրել է այն գործերը, որոնք քիչ թե շատ մատուցելի է համարել լեզվի տեսանկյունից· «Ունեի նաեւ «Պառվաբոզ» գործը, որը այստեղ չզետեղեցի, քանի որ այնտեղ շատ ավելի ազատ էի գրել: Հենց մենակ անունն ասում է իր մասին: Դա հետո կհրապարակեմ»,-ասում է նա:
Տաիշայի խոսքերով, ի սկզբանե գրել է միայն իր համա՝ չկասկածելով, որ մարդիկ կարող էին կարդալ իր գրածը, սակայն Տաիշայի բլոգը, որտեղ նա հրապարակում է իր պատմվածքները, աստիճանաբար սկսել է հետաքրքրել մարդկանց` ձեռք բերելով ընթերցողների մեծ թիվ:
Հենց այդ ընթերցողներից մեկի շնորհիվ էլ լույս է տեսել նրա գիրքը:
Պատմվածքները գրված են առաջին դեմքով, սակայն իրական են դրանք, թե ոչ, հեղինակը թողնում է, որ ընթերցողն ինքը խորհի դրա շուրջ:
Լեզուն, որով Տաիշան գրել է իր պատմվածքները, ազատ է, անկաշկանդ, երբեմն` քաոտիկ, ինչն էլ պատճառ է դառնում, որ այն ընդունվի ոչ միանշանակ:
«Ազատությունը դա ոչինչ է, քաոսը, անորոշությունը, անսպասելին: Պատմվածքներից շատերի լեզուն եւս քաոտիկ է անորոշ, անսպասելի: Այն հակված է խախտելու բառագիտության եւ քերականության կանոնները, այն ազատությունն է»,-ասում է արվեստաբան Վարդան Ջալոյանը` այդուհանդերձ նշելով, որ գրքին «ընդհանուր առմամբ կարելի է լայք տալ»:
Գիրքը տպագրվել է 400 օրինակով, սակայն ոչ բոլոր գրախանութներն են համաձայնել այն դնել վաճառքի:
Պատճառներին եւ գրախանութներից որոշների մերժողականությանը կանդրադառնանք առաջիկայում:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել