HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 70-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Առավոտյան ամփոփումն սկսենք առավոտյան գլխավոր նորություններով։

  • Նախորդ գիշեր Ուկրաինայի մի քանի մարզերում շարունակվել է բնակավայրերի ռմբակոծումն ու հրթիռակոծումը։ Նախորդ երեկոյան, Ուկրաինայի ԶՈւ տվյալներով, ռուսական զորքերը մոտ 18 թևավոր հրթիռ են արձակել ուկրաինական մի քանի մարզի ուղղությամբ՝ խոցելով առնվազն վեց երկաթուղային կայարան։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է հրթիռակոծություններին՝ հայտարարելով, որ Ռուսաստանն այդպիսով «ցույց է տալիս իր անզորությունը»։
  • Եվրամիությունն այսօր պետք է եզրահանգի ռուսական նավթի նկատմամբ էմբարգոյի հայտարարման ժամկետների մասով։
  • Մարիուպոլում «Азовсталь»-ի գործարանի տարածքը գիշերը շարունակել է հրթիռակոծվել։
  • Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ մարտերը շարունակվում են Պոպասնայայի շրջանում։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի զինվորականները նախորդ օրերին փորձել են գրոհել քաղաքը։ Պոպասնայայում և քաղաքի շուրջ դեռ մարտ ամսվանից շարունակվում են կատաղի մարտերը։

The Wall Street Journal-ը մանրամասներ է հրապարակել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթից։

Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթում կներառվի առաջիկա վեց ամիսների ընթացքում ռուսական նավթի գնումներից հրաժարումը և մինչև տարեվերջ Ռուսաստանից նավթամքերքի ներկրման դադարեցումը։

Այդուհանդերձ, որոշ երկրների համար թուլացումներ կարվեն։ Օրինակ՝ Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթից հրաժարվելու համար կտրվի 20 ամիս։ Այդպիսի առավելության են ձգտում նաև Չեխիան և Բուլղարիան։

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է SWIFT միջազգային վճարային համակարգից անջատել նաև Московский кредитный банк-ին և Россельхозбанк-ին։

Politico պարբերականը, հղում անելով ԵՄ դիվանագետներին, հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը ռուսական երկու բանկերի SWIFT-ից անջատումը ցանկանում է ներառել ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մեջ։

Ավելի վաղ, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կներառի SWIFT-ից ռուսական նոր բանկերի անջատում, «ապատեղեկատվության համար» նոր պատժամիջոցներ և նավթի ներկրման սահմանափակումներ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։

  • Ռուսաստանն Իզյումի մոտ ծավալել է 22 գումարտակային մարտավարական խմբեր՝ փորձելով առաջ շարժվել Հյուսիսային Դոնբասի ուղղությամբ։
  • Չնայած ուկրաինական ուժերի համառ դիմադրությանը, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ նախատեսված է Իզյումից առաջ շարժվել և գրավել Կրամատորսկ ու Սևերոդոնեցկ քաղաքները։
  • Այդ քաղաքների գրավումը Ռուսաստանին հնարավորություն կտա ռազմական վերահսկողություն ունենալ Հյուսիսարևելյան Դոնբասի վրա և կապահովի տարածաշրջանում ուկրաինական ուժերի առաջխաղացման հատումը։

Ավստրալիան անհատական պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի 75 պատգամավորի նկատմամբ։

Ավստրալական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կառավարության 20 անդամ, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության 12 նախարար, ինչպես նաև հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները հայտնել են Ուկրաինայի կողմից գիշերային հրթիռակոծությունների մասին։

Հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման միացյալ կենտրոնը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը երկու անգամ ռմբակոծել են Դոնեցկը՝ արձակելով 9 արկ։ 

Կենտրոնը նաև հայտնում է Լուգանսկի ուղղությամբ ռմբակոծման 7 դեպքերի մասին, որի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ 

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter