HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի Թագուհի Թովմասյանից «իդիոտկա» արտահայտության համար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 2-ին վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանից: Լ. Նազարյանը ներողություն պետք է խնդրի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով. «Ես՝ Լենա Ռաֆայելի Նազարյանս, 03․06․2021թ․ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իմ կողմից Թագուհի Մանվելի Թովմասյանի հասցեին հնչեցված «իդիոտկա» վիրավորական արտահայտության համար ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից»։

Թագուհի Թովմասյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ 03.06.2021թ․ գումարված 6-րդ նստաշրջանի արտահերթ նիստում, ի թիվս այլ օրենսդրական նախագծերի, քննարկվել է նաև «Թմրամիջոցների և հոգեմետ, հոգեներգործուն նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով այսուհետ թույլատրվելու է ՀՀ-ում արտադրական և արդյունաբերական կանեփի արտադրությունը, վերամշակումը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը և մեծածախ առևտուրը:

Նույն նիստի ընթացքում, ինչպես բազմաթիվ այլ պատգամավորներ, այնպես էլ Թագուհի Թովմասյանն իրենց դժգոհությունն են արտահայտել նշված նախագծի շուրջ՝ այն համարելով ոչ հրատապ քննարկման ենթակա հարց և փոխարենը՝ իրենց ելույթը նվիրել են Աբովյանի բժշկական կենտրոնի դիահերձարանում, զինվորների աճյունների հայտնաբերման աղմկահարույց դեպքի հետ կապված հարցերի քննարկմանը:

Իր խոսքն ավարտելուց հետո, երբ Թ. Թովմասյանը հեռացել է ամբիոնի կողքից՝ նիստերի դահլիճում իր տեղը զբաղեցնելու նպատակով, նույն վայրկյանին ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, իր դիմացի բարձրախոսը միացրած վիճակում, փոքր-ինչ կամաց, սակայն, ինչպես դահլիճում ներկա գտնվողների, այնպես էլ հեռուստադիտողների համար բավարար չափով լսելի ձայնով արտահայտություն է հնչեցրել պատգամավորի հասցեին՝ անվանելով վերջինիս «իդիոտկա»:

Ընդմիջմանը, ԱԺ շենքի միջանցքում Լենա Նազարյանին են մոտեցել տարբեր լրատվամիջոցների լրագրողներ, որոնց հարցին, թե ինչու է վիրավորել Թագուհի Թովմասյանին և չի պատրաստվում արդյոք ներողություն խնդրել նրանից, Լենա Նազարյանը պատասխանել է, որ ներողություն խնդրել չի պատրաստվում: Փոխարենը Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի իրենց խմբակցությունից դուրս գալու և այլ ցուցակ մտնելու համար:

Թագուհի Թովմասյանը 07.06.2021թ. ծանուցում է ուղարկել Լ. Նազարյանին՝ նշելով, որ վերջինս իրեն վիրավորել է: Նույն ծանուցմամբ առաջարկել է յոթ օրվա ընթացքում հրապարակային ներողություն խնդրել իրենից: Լենա Նազարյանն այդպես էլ ներողություն չի խնդրել պատգամավորից, ինչից հետո Թագուհի Թովմասյանը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և 1 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով դիմել է դատարան։

Դատական նիստի ժամանակ Լենա Նազարյանի ներկայացուցիչը հայտնել է, որ «իդիոտ» բառը ծագումնաբանությամբ հունարենից նշանակում է մեկուսացված մարդ և խնդրել է պատգամավորի հայցը մերժել, քանի որ այն վիրավորանք չի պարունակում:

Սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, գտել է, որ «իդիոտկա» արտահայտությունը հասարակության անդամների գնահատմամբ դիտարկվում է որպես հանրության շրջանում պատգամավոր Թովմասյանի արժանիքները ակնհայտորեն նսեմացնող արտահայտություն, քանի որ հայցվորին ենթարկում է ծաղրուծանակի՝ որպես «հիմար մարդ» արտահայտության իմաստով։

Ինչ վերաբերում է Լենա Նազարյանի դիրքորոշմանն, ըստ որի՝ «իդիոտկա» բառը օտար լեզվից թարգմանելիս չունի վիրավորական իմաստ, ապա դատարանը գտել է, որ նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ անձի պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի վերաբերյալ վեճեր քննելիս էական է համարվում ոչ թե կատարված արտահայտության բառացի թարգմանությունը, այլ՝ հասարակության շրջանում կատարված արտահայտության իմաստային ընկալումը: Ուստի հունարենում կամ այլ լեզուներում «իդիոտկա» բառի ուղիղ թարգմանությունը որևէ նշանակություն չունի վեճի լուծման համար։

Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ ի սկզբանե Լենա Նազարյանը նպատակ է հետապնդել արատավորելու Թագուհի Թովմասյանի պատիվն ու արժանապատվությունը: Լ. Նազարյանը վիճելի արտահայտությունն արել է ցածրաձայն, սակայն խոսափողը միացրած վիճակում, ուստի վերջինս նշված արտահայտությունն անելիս նախատեսել է կամ պետք է նախատեսեր կատարված արտահայտության հանրայնացումը և դրա բացասական հետևանքների առաջացումը:

Անդրադառնալով փոխհատուցման հարցին՝ դատարանը համարել է, որ Թագուհի Թովմասյանի պահանջած հատուցման ոչ նյութական միջոցը՝ ներողություն խնդրելը, կիրառելու դեպքում ապահովվում է նրան պատճառված վնասի հատուցման համաչափությունը, քանի որ պատգամավորը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի վերականգնումը միայն ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով հնարավոր չէ: Ուստի դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ մերժելով վնասի նյութական հատուցումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter