HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն դատապարտյալների սնունդը պատրաստել է ՔԿՀ-ների միջոցների հաշվին

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվել է Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ) 2021թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննություն: Սննդի պատրաստման հետ կապված հայտնաբերվել են էական անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ:

ՔԿԾ-ի և բաց մրցույթում հաղթող ճանաչված «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի միջև 17.11.2020թ. կնքվել է 12 քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիրը:

Պայմանագրով ծառայության գինը կազմել է մոտ 1 մլրդ 358 մլն դրամ։ Պայմանագրին կից տեխնիկական բնութագրի համաձայն, սննդի պատրաստումն ու հատկացումը կատարվում է ՔԿՀ-ի տարածքում, ընկերության կողմից բերված անհրաժեշտ սարքավորումների միջոցով: ՔԿՀ-ի կողմից կարող են տրամադրվել որոշակի սարքավորումներ, սակայն դրանց սպասարկման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն ընկերության կողմից: 

Տեխնիկական բնութագրում սննդի պատրաստման մասով հստակ նկարագրված չէ, որ կոմունալ ծախսերը պետք է իրականացվի ՔԿԾ-ի հաշվին: Սակայն, ըստ Հաշվեքննիչ պալատի, սննդի պատրաստումը իրականացվում է ՔԿՀ-ների խոհանոցում կամ իրենց կողմից տրամադրված այլ տարածքում, որտեղ բացակայում են կոմունալ ծախսերի հաշվարկման համար նախատեսված առանձնացված հաշվիչներ: Ստացվում է, որ սննդի պատրաստումը «Ռեդի-Ստեդի» ՍՊԸ-ի կողմից կատարվում է ՔԿՀ-ների էլեկտրական էներգիայի, գազի, ջրի և ջեռուցման հաշվին, որի վերաբերյալ կողմերի միջև չկա որևէ հաշվարկ և գրավոր պայմանավորվածություն:

Վերը նշվածի մասին է վկայել այն, որ 2021թ. ՔԿՀ-ներում պահվող մեկ դատապարտյալի հաշվով կատարված փաստացի կոմունալ ծախսերը շատ դեպքերում գերազանցել են Կառավարության որոշմամբ սահմանված կոմունալ ծախսերի նորմաները:

Մասնավորապես, բոլոր ՔԿՀ-ներում ջրամատակարարման և ջրահեռացման ծախսերը գերազանցում են սահմանված նորմերը, բացառությամբ «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ի: Հաշվարկների մեջ ներառված չեն քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Էրեբունի» ՔԿՀ-ի ծախսերը, հաշվի առնելով, որ այնտեղ տեղակայված է ծառայության աշխատակազմը:

Արդյունքում 2021թ. ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման գծով ծախսերը սահմանված նորմաներից ավելին է կազմել մոտ 55 մլն դրամ, էլեկտրաէներգիայի մատակարարման ծախսերը՝ 26 մլն 460 հազ. դրամ, բնական գազի մատակարարման ծախսերը 68 մլն 278 դրամ:

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է նաև, որ պայմանագրով սահմանված սննդի պատրաստման և հատկացման արդյունավետ համակարգը ենթադրում է, որ այդ   գործառույթները պետք է կատարվեն ամբողջովին  «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ի աշխատակիցների միջոցով և վարձատրվեն «Ռեդի Սթեդի»  ՍՊԸ-ի կողմից:

7 ՔԿՀ-ում աշխատող 15 դատապարտյալի համար սահմանված հաստիքները ֆինանսավորվել է ՔԿԾ-ի կողմից: Այնինչ նշված վարձատրության ծախսը, ըստ պայմանագրի, պետք է իրականացվեր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող սննդի մատուցման շրջանակներում:

Մինչդեռ ՔԿՀ-ների 2021թ. աշխատող դատապարտյալների աշխատավարձի՝ ըստ հաստիքների և դրույքաչափերի բաշխման տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ հաստիքացուցակում առկա են ճաշարանի բանվորի, խոհանոցի բանվորի և խոհարարի օգնականի հաստիքներ, որոնց հաշվարկված աշխատավարձի  գումարները, ըստ ամիսների տարվա ընթացքում կազմել է մոտ 5 մլն 565 հազ. դրամ: Նշված անհամապատասխանության հետևանքով առկա է խեղաթյուրում 5 մլն 565 հազ. դրամի չափով:

ՔԿԾ-ի պարզաբանումն այն է, որ սննդի պատրաստման ծառայությունների գնման պայմանագրի տեխնիկական բնութագրով կամ որևէ այլ փաստաթղթով ընկերությանը վերապահված չի եղել կոմունալ ծախսերն ինքնուրույն կատարելու պարտավորություն, օրինակ՝ առանձին բաժանորդ դառնալու և այդ ծախսերն ինքնուրույն կատարելու պահանջ: Նրանց դիտարկմամբ՝ նման պահանջը կարող էր հանգեցնել ծառայությունների արժեքի համամասնորեն թանկացման։ Նման պարտավորության բացակայությունը, իր հերթին, ինքնաբերաբար վկայում է, որ ՔԿՀ-ի տարածքում իրականացվող սննդի պատրաստման ծառայությունների ընթացքում օգտագործված կոմունալ ծառայությունների վճարումները կատարվելու են հենց քրեակատարողական ծառայության կողմից։

Հաշվեքննիչ պալատը ընդունելի չի համարել այս պատասխանը՝ վկայակոչելով պայմանագրի այն կետը, որ գինը ներառում է ՍՊԸ-ի կողմից իրականացվող բոլոր ծախսերը` այդ թվում հարկերը, տուրքերը և օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:

Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա ըստ ՔԿԾ-ի՝ սննդամթերքը ձեռք բերելուց, սնունդը պատրաստելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի այդ պատրաստի սննդի հատկացումը: Սննդի հատկացում չի նշանակում այն հատկացնել անմիջապես կալանավորված անձանց կամ դատապարտյալներին: Կարող է հատկացվել քրեակատարողական հիմնարկի պատասխանատու անձին: 2021թ. ՔԿՀ-ներում աշխատող դատապարտյալների հաստիքացուցակում առկա ճաշարանի բանվորի, խոհանոցի բանվորի և խոհարարի օգնականի հաստիքների առկայությունը տեխնիկական սխալի հետևանք է: Մասնավորապես՝ հաստիքի անվանումը մնացել է նախկինում նշված անվանմամբ, սակայն աշխատանքային գործառույթն ամբողջությամբ տարբեր է։

Բացի այդ, ըստ ՔԿԾ-ի՝ դատապարտյալները փաստացի չէին կարող կատարել սննդի պատրաստման ծառայություններին առնչվող աշխատանքներ, քանի որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին տրամադրված տարածքները հիմնականում գտնվում են քրեակատարողական հիմնարկների ռեժիմային տարածքից դուրս: Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Սևան» ՔԿՀ-ների  տարածքներում «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն ընդհանրապես սննդի պատրաստման ծառայություններ չի իրականացնում։

ՔԿԾ-ի պնդումը այն մասին, որ «հաստիքների առկայությունը տեխնիկական սխալի հետևանք է», չի համապատասխանում իրականությանը, որովհետև աշխատող դատապարտյալների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում սահմանվել է ոչ միայն նրանց հաստիքների անվանումը, այլև նրանց անմիջական աշխատանքային պարտականությունները բնութագրող շրջանակները: Հետևաբար` հաստիքների անվանումները չեն կարող լինել տեխնիկական սխալ:

ՔԿՀ-ների աշխատող դատապարտյալների հաստիքացուցակներում առկա ճաշարանի բանվորի, խոհանոցի բանվորի, խոհարարի օգնականի և խոհանոցի սպասարկողի հաստիքները փոխվել են և ՔԿԾ-ն շտկել է ՔԿՀ-ներում աշխատող դատապարտյալների հաստիքների վերաբերյալ անհամապատասխանությունները, սակայն առկա խեղաթյուրումը 5 մլն 565 մլն դրամի չափով, չի վերացվել:

Նշենք, որ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն հանրությանը հայտնի է «Արտ Լանչ» ապրանքանիշով: Սննդի ապահովման գործընթացը 2019թ. հոկտեմբերից «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին:

Հիշեցնենք, որ դատախազությունը 2021թ ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է ստուգումներ և ուսումնասիրություններ: ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, Կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակ վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են խախտումներ:

Մասնավորապես, ՔԿԾ-ի և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել 12 ՔԿՀ-ում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:

2021թ. դեկտեմբերին 3 ՔԿՀ-ում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Էական տարբերություններ են արձանագրվել նաև տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:

Հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter