HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Լույսը բացվում ա, ասում ենք՝ էսօր էլ սաղ մնացինք, փառք Աստծու»

Չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչները հավատով սպասում են նախագահի խոստումների կատարմանը

Թեև տարիներ շարունակ պատկան մարմինները խոստանում են լուծել Երևանի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը, այդուհանդերձ մայրաքաղաքում դեռևս նմանօրինակ 10 շենք կա: Այս ցանկում առաջնահերթ լուծում պետք է տրվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող չորրորդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչների վերաբնակեցման հարցին: Արդեն 5 տարի է՝ 8-հարկանի այս շենքի բնակիչները բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բողոքի ակցիաներ անցկացնում կառավարության և Երևանի քաղաքապետարանի շենքերի առջև, սակայն հարցը լուծում չի ստանում:

Նշենք, որ հանրակացարանում ապրում է 150 ընտանիք: Շենքի բնակիչների մոտ 50%-ը երեխաներ են, այստեղ շատ են բազմազավակ ընտանիքները: Հանրակացարանի բնակիչները նախընտրական հանդիպումների ժամանակ հասցրել են զրուցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով խոստացել է այս տարի լուծում տալ հարցին: Բնակիչներն էլ արձանագրում են. «Ասում են՝ հավատացեք, որ փոխենք: Հիմա մենք հավատում ենք, թող փոխեն»:

Ու հավատով սպասում են նախագահի օգնությանը: Այն, որ շենքը վտանգավոր է բնակության համար, բնակիչները նկատել են դեռևս 90-ական թվականներին, երբ պատերի վրա հսկայական ճաքեր են առաջացել: Այն ժամանակ քաղաքային իշխանությունները որոշ աշխատանքներ կատարել են՝ տարհանել և վերաբնակեցրել են վտանգավոր գոտում ապրող շուրջ 30 ընտանիք: Սակայն մյուս ընտանիքների հարցը մնացել է անլուծելի:

Մարդիկ տարիներ շարունակ անմարդկային պայմաններում և վախը սրտներում ապրում են այս հանրակացարանում: «Ապրել չի լինում, էն ա գիտենք, որ յոլա ենք գնում, էլի: Լույսը բացվում ա, ասում ենք՝ էսօր էլ սաղ մնացինք, փառք Աստծո»,- «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրակացարանի բնակիչներից Անուշ Գյուրջյանը:

Բնակիչները բողոքում են՝ շենքում ո՛չ կենցաղային պայմաններ կան, ոչ սանհանգույց, ոչ էլ մարդիկ աշխատանք ունեն: «Ի՞նչ պայման, ամեն մեկը մի սենյակի մեջ մտել, իրա երեխեքի հետ յոլա է գնում, ճար չկա»,- բողոքում են մարդիկ: Այս վայրում շենքի կառուցումը լուրջ սխալ է. մասնագետների գնահատականն է դա փաստում, քանի որ շենքի տակ գրունտային ջրեր են հոսում: Բնակիչների պատմելով՝ գետնի տակից ջրերը դուրս են գալիս և լցվում առաջին հարկի տները:

Պարբերաբար կրկնվող թույլ երկրաշարժերից այս շենքը ուժեղ ցնցվում է: Մարդիկ պատմում են, որ ամեն երկրաշարժի ժամանակ սթրես են տանում: Ցնցումներից պատերին հսկայական ճաքեր են գոյացել, անձրևաջրերն այդ ճաքերից մարդկանց սենյակներն են լցվում: Շենքի աստիճանավանդակն առանձնացել է պատից: «Հեսա մի օր աստիճանը պոկվելու ա, ժողովուրդը ծեփվեն գետնին»,- նշեց Անուշ Գյուրջյանը:

Հանրակացարանի բնակիչներից Օլյա Գրիգորյանն ասում է, որ երիտասարդ տարիքից է ապրում այս շենքում և միշտ էլ լսել է՝ շենքը ամրության խնդիր ունի: Այսօր արդեն Օլյա Գրիգորյանն իր երեխաների և 5 թոռնիկների հետ է ապրում հանրակացարանի խարխուլ սենյակում: Նա իր հնգամյա թոռնիկի հարցին այդպես էլ չի կարողանում պատասխանել:

«Թոռինիկս հարցնում ա՝ շենքը վթարայի՞ն ա, տատիկ: Ասում եմ՝ այո, վթարային ա: Մեկ էլ հարցնում ա՝ իսկ ինչո՞ւ մենք չենք վթարվում: Դե արի ու հասկացիր, թե ինչ էր ուզում ասել երեխան, երևի մտածում ա՝ խի՞ մեզ չեն հանում շենքից: Այս հարցին ես խնդրում եմ թող պատասխանեն մեր ղեկավար մարմինները»,- ասում է նա:

Օլյա Գիրգորյանի երեխաներն այսօր մեղադրում են նրան, թե ինչու ժամանակին չեն լքել Հայաստանը: «Իմ երեխեքի դեմը ոնց որ հանցագործ լինեմ: Անընդհատ ասում են՝ որ տեսաք ըսենք վիճակ էր, ինչի՞ չգնացիք էս երկրից: Դե արի ու պատասխանի, ի՞նչ պատասխանես: Փաստորեն հավատարիմ մարդիկ էլ տեղ չունեն էս պետության մեջ»,- ասում է նա:

Շենքը սպասարկող «Լույս» համատիրության նախագահ Ալբերտ Գևորգյանը տեղեկացրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես խոստացել է այս տարի լուծել ընտանիքների վերաբնակեցման հարցը:

Կառավարությանն ուղղված նամակով համատիրության նախագահը 1 մլրդ դրամ գումար է խնդրում, որպեսզի երկու նոր շենք կառուցվի հանրակացարանի բնակչության համար: Նա ասում է, որ այդ նոր շենքերում տեղ կգտնվի նաև մյուս վթարային շենքերի բնակիչներից ոմանց համար: «Ես կասկած չունեմ, որ կլուծվի հարցը: Մենք գիտակցում ենք, որ պետությունը լավ վիճակում չէ, եթե չկա, որտեղի՞ց տան: Ժողովուրդը դա գիտակցելով՝ սպասում է»,- ասում է համատիրության նախագահը:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter