HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ. Ուկրաինայում պատերազմը ևս հանգեցնում է գլոբալ պարենային ճգնաժամի

Ողջ աշխարհում սովն ու պարենի պակասը վերջին տարվա ընթացքում հասել է աննախադեպ մասշտաբների։ Ներկայում արտակարգ օգնության կարիք ունի ավելի քան 400 միլիոն մարդ, իսկ պարենի գները հասել են ռեկորդային ցուցանիշների։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է ՄԱԿ-ի պարենային ճգնաժամի դեմ պայքարի համաշխարհային ցանցի զեկույցում, որը մայիսի 4-ին հրապարակվել է Հռոմում։ Այն պատրաստվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային ու գյուղատնտեսական կազմակերպության կողմից։

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2021 թվականին պարենի սուր անբավարարության հետ բախվել և օգնության կարիք է ունեցել աշխարհի 53 երկրի գրեթե 193 միլիոն մարդ, ինչը գրեթե 40 միլիոնով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։ Աշխարհի տարբեր երկրներից ևս 236 միլիոն մարդ կարիք ունի օգնության և միջոցներ` հաղթահարելու գլոբալ աղետալի ռիսկի շեմը:

Հատուկ ուշադրության կարիք ունի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում առկա իրավիճակը, հատկապես Հարավային Սուդանում, Եթովպիայում, Մադագասկարում և Եմենում։ Այնտեղ 2021 թվականին հաշվարկվում էր 570 հազար մարդ, որոնք ապրում են սովամահ լինելուն մոտ պայմաններում։

«Քարտեզին դրված են միլիոնավոր մարդկանց կյանքն ու գոյությունը»,- զեկույցի նախաբանում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը։ Նրա գնահատմամբ՝ 2022 թվականին պարենի անբավարարությունը, ինչպես նաև էներգետիկ և ֆինանսական ճգնաժամերը ավելի զգայուն կդառնան, այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ 

Ավելի վաղ, Գուտերիշը հայտարարել էր, որ այդ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել ավելի քան 1,7 միլիարդ մարդու աղքատության։ Ուկրաինայի իշխանությունների և ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայից ռուսական շրջափակման և մարտական գործողությունների պատճառով չեն կարող արտահանվել մի քանի միլիոն տոննա հացահատկի պաշարներ։ Ռուսաստանը, որին ևս բաժին է հասնում շուկայի մեծ մասը, պատերազմի ավարտից հետո ևս կրճատել է հացահատկի և գյուղատնտեսական մյուս արտադրանքի մատակարարումները։

Լուսանկարը՝ Emilio Morenatti/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter