
Քաղաքի կանաչ գոտիները` ներկայացված չորս գործողությամբ
Ալեն Ամիրխանյան
Գործողություն 1` Պոռթկում
Պետք է փարատել այն թյուր կարծիքը, որ հաճախ արտահայտում են ծառահատողները և կանաչ տարածքներ ոչնչացնողները: Նրանք հաճախ տրամաբանում են, որ, երբ իրենք ծառ են կտրում, պարզապես մեկ այլ ծառ տնկում են մի ուրիշ տեղում, և սա ներկայացվում է իբրև մի պարզ փոխանակություն' համարժեք արդյունքով: Երևանի բուսաբանական այգու գլխավոր բուսաբան Գեորգի Ֆայֆուշին հարցրի, թե արդյոք ճշմարտացի՞ է այս կարծիքը:
Պրն. Ֆայֆուշի պատասխանը հստակեցնում է այս մտքի սխալը. «Իմ կարծիքով, նվազագույնը 15 տարի է պետք, որ նոր տնկին ունենա նույն էկոլոգիական և առողջապահական արժեքը, ինչը ուներ հին, մեծ ծառը, որը հատվել է: Բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են խափանել տնկիի աճը: Եթե մենք հատենք մեկ մեծ, կայացած ծառ, մեզ պետք է փոխարենը տնկել նվազագույնը 10 ծառ: Իրականում մենք չպետք է մտածենք ծառ կտրելու մասին: Մենք պետք է նոր ծառեր տնկելու մասին խոսենք»:
Գործողություն 2` Սառը գիտություն
Գիտական հետազոտությունները գնալով ավելի պարզ են դարձնում այն փաստը, որ մարդուն անհրաժեշտ է փոխազդել բնության հետ:
Անգլիական «Լանցետ» բժշկական ամսագիրը 2008թ. հրապարակեց մի հետաքրքիր ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ժամանակ 2001-2005 թթ. ընթացքում մահացած, կենսաթոշակային տարիքից ցածր 366000 համեմատվել էր մարդ նույն տարիքային խմբի ողջ մարդկանց հետ:
Այս ուսումնասիրության արդյունքներից մեկն այն էր, որ կանաչ տարածքին մոտ ապրելը նվազեցնում է այնպիսի մահացու հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են կաթվածը և սրտի արատը: Նրանք, ովքեր ապրում են կանաչ տարածքների մոտ, նույնիսկ վիրահատություններից ավելի արագ են ապաքինվում:
2010 թ. առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ-ը) ամփոփեց նույնատիպ հետազոտությունների մի մեծ զանգված: Այս ամփոփիչ զեկույցում նշվում է, որ Տոկիոյի բնակիչները, որոնք ապրում են կանաչ տարածքներին մոտ, անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ավելի երկար են ապրում: Նաև ԱՄՆ-ի քաղաքների բնակիչները, ովքեր ունեն կանաչ և բաց տարածքների տեսարան, ավելի էֆեկտիվ են դիմադրում ստրեսային պայմաններին: Կա նման արդյունքների երկար շարան, որը հիմնականում ապացուցում է, որ կանաչ տարածությունները հարկավոր են առողջ քաղաքի համար:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքային կանաչ տարածքների տնտեսական ազդեցությանը, ԱՄՆ-ում և Անգլիայում կատարված տնտեսագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանաչ տարածքների աճին զուգահեռ նվազում են առողջապահական ծախսերը, և բարձրանում է անշարժ գույքի արժեքը:
Օրինակ' Դենվերի այգիների ու կանաչ տարածությունների շնորհիվ առողջապահական ծախսերի վրա տնտեսվում են բնակչության խնայողությունները' 520 մլն, և 49 մլն դոլարով ավելացվում է բնակչության հավաքական կարողությունը' բարձրացնելով անշարժ գույքի արժեքը:
Անգլիայում կատարված մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ամբողջ երկրի կտրվածքով, ամենաթանկ թաղամասերում մեկ մարդուն հատկացվող այգիների և ընդհանուր կանաչ տարածքների քանակությունը (առանց մասնավոր պարտեզների) 5 անգամ ավելին է, քան ոչ բարեկեցիկ թաղամասերում:
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով' արդյոք արդարացի չէ՞ ասել, որ նրանք, ովքեր կտրում են ծառերը և ոչնչացնում կանաչ տարածքները, պատասխանատու են (գուցե նաև իրավաբանորեն) քաղաքի բնակչության առողջության և տնտեսական բարեկեցության համար:
Գործողություն 3` Կիսաանապատային Երևան
Նվազագույն ստանդարտը, որ տնտեսապես զարգացած շատ երկրներ ձգտում են ընդունել, 25 քառ. մետր կանաչ տարածքն է յուրաքանչուր բնակչի համար: Ձեռքբերումները տարբեր են, շատերը գերազանցում են այս նվազագույն չափանիշը: Օրինակ' Մադրիդն ունի 68 քառ. մետր, Ամստերդամը' 36: Երևանը' ներառյալ Ծիծեռնակաբերդի այգին, ունի ընդամենը 7 քառ. մետր:
Պետհամալսարանի դասախոս, էկոլոգ Կարինե Դանիելյանը բացատրում է. «Երևանը հիմնականում գտնվում է կիսաանապատային գոտում: Խորհրդային տարիներին, երբ քաղաքը հիմնվում էր որպես մայրաքաղաք, հսկայական ջանքերով ստեղծվել են կանաչ գոտիներ: Դա այդքան էլ հեշտ չէր մեր բնակլիմայական պայմաններում. հենց կենտրոնում քաղաքը շրջապատված էր կանաչ տարածքներով: Միայն դրա շնորհիվ է, որ կարողացել ենք քաղաք ունենալ և ապրել այստեղ: Հիմա մենք այդ ամենը մոռացել ենք»:
Երևանի գլխավոր հատակագծող Ալեքսանդր Թամանյանը ծանոթ էր քաղաք-այգի քաղաքաշինական շարժմանը, որը մշակվում էր Անգլիայում 19-րդ դարի երկրորդ կեսին: Երևանի նախագծում Թամանյանը գիտակցաբար հիմնվել էր այդ շարժման սկզբունքների վրա: Օրինակ' նա շատ էր կարևորում առատ բուսականության առկայությունը նոր Երևանում:
Հայկ Թամանյանը' Թամանյանի թանգարանի և հետազոտական ինստիտուտի տնօրենը, բացատրում է. «Թամանյանը կանաչ գոտիների առատությանը տալիս էր բացառիկ կարևորություն: ...Թամանյանը բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացնում կանաչ գոտու բարերար հատկությունների վերաբերյալ. կանաչով կարելի է մեղմել անավարտ կամ տգեղ շենքերի թողած տպավորությունը, կանաչի քանակը ազդում է բնակչության աճի և մահացության վրա, անգամ հանցագործության տարածման վրա: Կանաչը հանում է լարվածությունը և ստեղծում անդորրի զգացողություն: Այսինքն' Թամանյանը կարևորում էր ծառերի և գազոնների ոչ միայն առողջարար ազդեցությունը, այլև դրանց զուտ հոգեբանական ազդեցությունը քաղաքի բնակիչների վրա»:
Հեռատեսության այս ժառանգությունն է, որ մենք այսօր ոչնչացնում ենք, հատկապես հենց Թամանյանի նախագծած քաղաքի կենտրոնում:
Իհարկե, ողջունելի է 2011 թ. գարնան ծառատունկը, որի ընթացքում հայտարարվել է 15.000 ծառի տնկում (հիմնվենք քաղաքապետարանի պատշաճ հաշվետվության վրա): Բայց մնում է մեկ այլ կարևոր հարց, թե ինչպե՞ս պիտի վերականգնվեն կորած կանաչ գոտիները' Նորքի անտառը ու ներքին կանաչ օղակը:
Նաև ողջունելի է քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումն այն մասին, որ այսուհետև Երևանի կանաչ տարածություններում կարգելվի ցանկացած շինարարություն: Սա շատ կարևոր որոշում է: Հուսանք, որ այս և նման հայտարարություններ միայն նախընտրական դիրքորոշումներ չեն և կլինեն երկարատև: Հուսանք, որ նրանք կկիրառվեն անվեհապահորեն' առանց բացառությունների:
Գործողություն 4` Դեպի ավելի լավը
Տեսարան Ա. Մի քանի տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մի արտառոց, բայց հետաքրքիր նախագիծ մեկնարկեց. քաղաքապետարանից ամուսնության արտոնագիր ձեռք բերելու համար զույգերը պետք է ապացուցեին, որ իրենք տնկել են առնվազն մեկ ծառ: Ի դեպ, կար նաև նման մտահղացում մեքենաների գրանցման համար: Եթե մենք նման օրենքներ մտցնենք Հայաստանում, ինչպե՞ս դրանք կգործեն: Օրինակ' թամադան կարող է չթույլատրել, որ խնջույքն սկսվի, մինչև նորապսակները ծառ չտնկեն: Կամ' մեքենա գնողները կարող են ծառ տնկել և այդպես տոնել իրենց գնումը: Դա կարող է հետաքրքիր ավանդույթ դառնալ:
Տեսարան Բ. Ինչքան էլ որ կարող է հռետորական թվալ, կարելի է հանրապետության վարչապետի հրամանով ամառվա ամենից շոգ շաբաթը հայտարարել հետիոտնի շաբաթ և սույն հրամանով պարտադրել կառավարության ողջ անձնակազմին (ներառյալ նախարարներին և վարչապետին) ներկայանալ աշխատանքի ժամը 12-ին' ոտքով: Արդյոք հնարավո՞ր է, որ այդ շաբաթվա ավարտին նրանք բոլորը գնահատեն ծառերի տված գոնե մի բարիքը:
Տեսարան Գ. Երևանի բակերում կան բազմաթիվ ավտոտնակներ, որոնք գրավել են նախկին կանաչ տարածքները և խաղադաշտերը: Սա մեծ կորուստ է քաղաքի համար: Ինչպես առաջարկում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի մասնագետ Վարդան Մելիքյանը, գոնե ավտոտնակների տանիքները կարող ենք կանաչապատել թփերով և փոքրիկ ծառերով:
Տեսարան Դ. Նախկին գործարանային տարածքները քաղաքում շատ են: Կարելի է քանդել այնտեղ կառուցված շենքերը և դարձնել այգիներ: Բետոնի թափոները կարելի է օգտագործել որպես ագրեգատ' ճանապարներ սարքելու համար: Սա մի պրակտիկա է, որն ընդունելի է դառնում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Փոխակերպելու նման առաջարկ, այսինքն' հին, չօգտագործվող քաղաքային տարածքները դարձնել այգիներ, եղել է ԱՄՆ-ում նախկին գործարանային 50 քաղաքի համար:
Տեսարան Ե. Հստակեցնել ծառի և մարդու կապը: Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքը 70-ական թթ. ուներ 1 քառ. մետր կանաչ տարածք 1 բնակչի թվով, բայց այսօր այն կազմում է ավելի քան 51 քառ. մետր: Այս նվաճումը ունենալու համար քաղաքապետարանը դիմել է բազմաթիվ քայլերի: Քայլերից մեկը ծառերի հանդեպ հանրության պատասխանատվության զգացում ստեղծելն է: Ամեն ամիս քաղաքի բազմաթիվ կետերում գովազդներ կարող են տեղադրվել' զեկուցելու համար, թե տվյալ ամսվա ընթացքում քանի ծառ ենք կտրել և քանի ծառ ենք տնկել:
Տեսարան Զ. Կրկին ծառապատել Նորքի անտառը և Մոնումենտի լանջը:
Տեսարան է. Տարիներ անց, կրկին անդրադառնալ նորապսակների և մեքենատերերի տնկած ծառերին: Արդեն իրենց թոռները պիտի խաղան այդ ծառերի տակ:
-------------
Քաղաքացիները կարող են ծառահատումների դեպքերի մասին ուղարկել կարճ հաղորդագրություն հետևյալ հեռախոսահամարին' 098062092: Նաև հնարավոր է ուղարկել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեով' [email protected] կամ լրացնել www.kanach.am կայքում տեղադրված ձևը:
Ալեն Ամիրխանյանը MIT-ի քաղաքաշինարար է և դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Մեկնաբանել