HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 71-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 71-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք ժամի գլխավոր նորություններով։

  • Նախորդ գիշերվա ընթացքում ռազմաճակատում լուրջ փոփոխություններ չեն եղել։ Մարիուպոլում շարունակվում է ավիացիայի կիրառմամբ «Азовсталь»-ի գրոհը։
  • Կրամատորսկ քաղաքը գիշերը ենթարկվել է ավիահրթիռային հարվածների, որի հետևանքով տուժել են բնակելի շենքերն ու վիրավորում ստացել առնվազն 25 խաղաղ բնակիչ։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
  • Այսօր կայանալու է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Այն կվարի ԱՄՆ-ն, որը նախագահությունը ստանձնել է մայիսի սկզբից։ 
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին խնդրել է օգնել «Азовсталь»-ից դուրս բերել վիրավորներին։
  • Associated Press-ը հայտնել է, որ Մարիուպոլի դրամատիկական թատրոնին հասցված հարվածների հետևանքով կարող է զոհված լինել մինչև 600 մարդ։ Գործակալությունը նման եզրահանգման է եկել ավելի քան 20 ականատեսների հետ զրուցելուց հետո։

Ամերիկյան հետախուզությունը տվյալներ է փոխանցում Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատարական կետերի տեղաշարժի վերաբերյալ։

Ըստ ամերիկյան The New York Times-ի, որը հղում է անում ԱՄՆ կառավարությունում իր աղբյուրներին, դրա արդյունքում ուկրաինական կողմը սպանել է ռուսաստանցի 12 գեներալի։ 

Ընդ որում, թերթի զրուցակիցներն ընդգծում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տվյալներ չի տրամադրում ռուսական բանակի բարձրագույն ղեկավար կազմի տեղաշարժի վերաբերյալ։ Այսպես, Իզյումի շտաբին հարվածները, որտեղ, չհաստատված տվյալներով, այցելել էր ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, իրականացվել են առանց ամերիկյան հետախուզական տվյալների կիրառման։

Լուգանսկի մարզի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 5 մարդ։

Այդ մասին հայտնում է մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Նրա տվյալներով՝ մայիսի 4-ին ռուսաստանցի զինվորականները մարզի տարածքը հրթիռակոծել են 24 անգամ։ Հրթիռակոծման տակ են հայտնվել Սևերոդոնեցկը, Լիսիչանսկը, Գորսկայան և Պոպասնայան։ Տուժել է առնվազն 23 մարդ։

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագիրը։ Հիմնական մտքերը.

  • Ռուսական փորձերը՝ հարձակվել արևելյան ուղղությամբ՝ Լիման, Սևերոդոնեցկ (Իզյումի կողմից) և Պոպասնայա, «հաջողություն չեն ունենում»։
  • Նիկոլաևի և Խերսոնի մարզերի սահմաններին ուկրաինացի զինվորականներին հաջողվել է հակառակորդից հետ գրավել մի քանի բնակավայր։
  • Նախորդ օրերի ընթացքում ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու չորս սարք, երեք թևավոր հրթիռ, ինչպես նաև՝ երկու ինքնաթիռ (նախնական տվյալներով՝ Су-30)։
  • Արևելյան ռազմաճակատում հետ է շպտրվել հակառակորդի 11 հարձակում, ոչնչացվել է հինգ տանկ և յոթ միավոր այլ զրահատեխնիկա։

Մայիսի 4-ին հումանիտար միջանցքով Մարիուպոլից Զապորոժյե հնարավոր է եղել տարհանել ևս 344 մարդու։

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։ Նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցւթյան համար։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։

  • Նկատվել է բելառուսական ցամաքային զորքերի կայազորներից զորավարժությունների տեղափոխման դեպքեր։ Դա համապատասխանում է սեզոնային նորմերին, քանի որ Բելառուսում ձմեռային զորավարժությունների եզրափակիչ փուլը տեղի է ունենում մայիսին։
  • Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, փորձում է այդ զորավարժությունները ներկայացնել որպես Ուկրաինայի համար սպառնալիք, որպեսզի ստիպի ուկրաինական ուժերին մնալ հյուսիսում՝ նրանց հնարավորություն չտալով մասնակցել Դոնբասի համար մարտերին։
  • Ներկայումս շեղումներ չեն նկատվում սովորական զորավարժություններից, որոնք կարող էին սպառնալիք հանդիսանալ դաշնակիցների և գործընկերների համար։

Ռուսաստանի հարավի և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 13-ը։

Այդ մասին հայտնել է Ռոսավիացիան։ 

Խոսքն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների մասին է։

ՌԴ Պետդումայում հայտարարում են, որ Ռուսաստանում զորահավաքի կարիք չկա։

«ՌԴ-ում իբր նախապատրաստվող համընդհանուր զորահավաքի մասին տարածվող տեղեկությունների համար հիմքեր չկան ո'չ հիմա, ո'չ էլ՝ հետագայում»,- Интерфакс-ին հայտարարել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։

Նա կարծում է, որ «այդ շշուկները հայտնվում են արտասահմանյան աղբյուրներին հղում անելով»,- ասել է Շվիտկինը։ Ըստ նրա՝ նպատակը անորոշության և բնակչության շրջանում խուճապի տարածումն է։

Լուսանկարը՝ AP Photo/Emilio Morenatti

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter