HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Այս պահին կա դատարան ներկայացված 8 հայց՝ 42 մլրդ դրամի հայցագնով»․ Ա․ Դավթյանը՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ

Կառավարությունն առաջարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարել և ուսումնասիրության ենթակա անձանց շրջանակը ընդլայնել։ Բացի այդ, դատախազությունը հնարավորություն կունենա սեփական նախաձեռնությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ սկսել ուսումնասիրություն։ Որոշման նախագիծն ընդունվեց Կառավարության մայիսի 5-ի նիստում։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց՝ այն պաշտոնյաները, ովքեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր են ներկայացնում, ենթակա են լինելու գույքի ծագման ուսումնասիրության։

Փոփոխություն է նախատեսվում նաև գույքի բռնագանձման արժեքի հետ կապված։

«Ե՛վ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս երբեմն լինում են շուկայական արժեքի որոշման հետ կապված պրոբլեմներ, փոփոխությամբ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարը կբռնագանձվի»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ ակնկալիքները այդքան էլ չեն արդարանում․ «Պիտի արձանագրել, որ հասկանալի պատճառներով պրոցեսների նկատմամբ կա որոշակի դիմադրություն։ Սահմանադրական դատարանում ընդդիմության կողմից վիճարկվել է օրենքի սահմանադրականությունը, գործերը նաև էտ պատճառով առաջ չեն գնում։ Մեր ունեցած տեղեկություններից դժգոհ չենք, բայց արձանագրած արդյունքներից այդքան էլ գոհ չենք, հանրությունը ևս գոհ չէ»,- հայտնեց Փաշինյանը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտարարեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրման առաջին իսկ 10 օրվա ընթացքում 200 անձի վերաբերյալ վարույթ է հարուցվել։

«Այս պահին կա դատարան ներկայացված 8 հայց՝ 42 միլիարդ դրամի հայցագնով, մոտավորապես նույնքան էլ ավարտած ունենք»,- տեղեկացրեց դատախազը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter