Քննություն է տարվում՝ պարզելու Սարյան փողոցում ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնության միջադեպի հանգամանքները. ՔԿ
Քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում՝ պարզելու 2022թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
Կոմիտեի նախնական տվյալներով, նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը, ընդգրկված լինելով ծառայությունում և իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու օրինական պահանջ, ինչից հետո նույն երթի մասնակիցը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն գործադրել՝ ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել