HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի և մյուսների գործի քննությունը մեկնարկեց

Քաղաքացի Սիմոն Աղեկյանը երկու տարի առաջ Կառավարության շենքի դիմաց փորձել էր ինքնահրկիզվել՝ դժգոհելով  իրեն առնչվող սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներից և դրա արդյունքում՝ ունեզրկման փաստից: Աղեկյանն այժմ դատարանում է՝ տուժողի կարգավիճակով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մայիսի 5-ին սկսվեց Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, վերջինիս զարմիկ Տիգրան Մարտիրոսյանի և սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ դատավոր «Գևորգ Նարինյանը, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն»: 

Մասնավորապես, ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության, մտերիմ հարաբերություններ ունենալով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի  քաղաքացիական գործերից մեկով Ա/Ձ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: 

Նշված անշարժ գույքը Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Աղեկյանին պատկանող բնակարանն է: Ըստ մեղադրանքի՝ բնակարանը հնարավորին էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով Նարինյանը դրդել է Ա/Ձ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանն ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 մլն 400 հազ․ դրամից այն հասցնելով 12 մլն 382 հազ․ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:

Արա Կուբանյանն, ըստ մեղարդանքի, լինելով վերը նշված սնանկության գործով դստավորը, «Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:

Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ Գևորգ Նարինյանի և «Ա/Ձ Սիմոն Աղեկյանի» սնանկության գործով դատավոր Արա Կուբանյանի հետ, դատավոր Գ.Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով բնակարանի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին` դրանով իսկ հնարավորություն ընձեռնել Նարինյանին հիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելուն, ինչպես նաև նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելուն: Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Խաչատրյնաը նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, դատավոր Արա Կուբանյանի հանձնարարությամբ նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած Տիգրան Մարտիրոսյանից պահանջել և ստացել է ցանկալի բովանդակությամբ, հետին ամսաթվով կազմված դիմում՝ այդպիսով օժանդակելով Արա Կուբանյանի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Նշված գործողությունների կատարման արդյունքում, ըստ գործի՝ կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Տիգրան Մարտիրոսյանն, ըստ մեղադրանքի, ձևականորեն հանդիսանալով մորաքրոջ որդու՝ Գևորգ Նարինյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում աճուրդով գնված Երևան քաղաքի՝ արդեն վերը նշված բնակարանի սեփականատերը, օժանդակել է դատավոր Արա Կուբանյանին վերջինիս կողմից դատական ակտ կայացնելու հարցում: Մեզ հայտնի է, որ ամբաստանյալներից Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Այս պահին գործով 4 մեղադրյալները գտնվում են ազատության մեջ:

Դատական նիստի մեկնարկին դատավոր Ջոն Հայրապետյանը ճշտեց կողմերի դիրքորոշումը նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման վերաբերյալ: Բոլոր ամբաստանյալներն առարկեցին, իսկ դատախազ Արամ Արամյանը, տուժող Սիմոն Աղեկյանը՝ ոչ: Դատարանը լրագրողնեին թույլատրեց տեսանկարահանում և լուսանկարահանում անել 5 րոպե ժամանակով՝ այնպես, որ ամբաստանյալները չերևան:

Այսօր դատավորը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Դատավոր Գևորգ Նարինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ազգությամբ՝ հայ, ամուսնացած է, խնամքին երկու անչափահաս երեխա ունի, մեկը՝ մինչև 14  տարեկան: Արա Կուբանյանն էլ հայտնեց, որ խնամքին 3 անչափահաս երեխա և ծնողներ ունի: Խնամքին երկու մինչև 14 տարեկան անչափահաս երեխա ունի նաև Տիգրան Մարտիրոսյանը, իսկ երրորդ երեխան ամռանը կծնվի: Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ ազգաությամբ հայ է, ՀՀ քաղաքացի: Ամաստանյալներից ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել:

Երբ դատարանը ցանկանում էր ճշտել տուժող Սիմոն Աղեկյանի ինքնությունը, պարզվեց՝ վերջինիս անձնագիրը դահլիճում չէ: Դատարանը փորձեց ամբաստանյալներից հարցնել՝ վերջինիս ճանաչո՞ւմ են, թե ոչ, արդյոք նախաքննության ընթացքում առերեսվել են նրա հետ: Ամբաստանյալները հայտնեցին, թե չեն ճանաչում, բայց Աղեկյանն ասաց, որ ինքն առերսվել է Տիգրան Մարտիրոսյանի և Աշոտ Խաչատրյանի հետ: Դատավորը որոշեց նիստն ընդմիջել, որպեսզի Աղեկյանը ներկայացնի անձնագիրը: Ընդմիջման ընթացքում ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանի հիշողությունը «թարմացավ» ու ասաց, որ ճանաչում է տուժողին:

Ինչևէ, տուժողի ինքնության մեջ հավաստիանալուց հետո նիստը շարունակվեց: Ինչպես պարզվեց, Աղեկյանն այժմ բնակվում է այն նույն բնակարանում, որի աճուրդի շուրջ այս քրեական գործն է սկսվել: Տուժող Աղեկյանը դիմել էր դատարանին՝ հայտնելով, որ ինքն իրավաբանական կրթություն, չունի նաև բավարար միջոցներ՝ փաստաբանին վճարելու համար: Դատավոր Ջոն Հայրապետյանը տուժողին պարզաբանեց, որ կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ:

Դատավոր Ջոն Հայրապետյանը սեփական նախաձեռնությամբ Գևորգ Նարինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Դատավորը պարզաբանեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առել  Վերաքննիչ դատարանի նախկինում կայացրած այն որոշումը, որով, թեև մերժել էր Նարինյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ առկա է վարույթին խոչընդոտելու հիմք: Դատավորը նշեց, որ գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ այս դատական ակտը բողոքարկվել է, ուստի այն օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է:

Դատավորի այս որոշումը առաջացրել է Նարինյանի պաշպանների դժգոհությունը: Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորն  իրավունք չուներ նման չպատճառաբանված որոշում կայացնելու:

«Գտնում ենք, որ դատարանը մեղադրողի ֆունկցիա է վերցրել՝ առանց դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու խափանման միջոց ընտրելով, չլսելով մեր պաշտպանյալին և մեզ, ինչը, բնականաբար, պետք է արվեր»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ նույնիսկ եթե դատարանը խափանման միջոց ընտրելիս հղում է կատարվում վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա այդ որոշումը մոտ մեկ ու կես տարի առաջվա որոշում է, վերաբերել է նախաքննությանը տվյալ փուլում առկա խոչընդոտելու հնարավոր ռիսկին, իսկ այժմ նախաքննությունն ավարտվել է, գործը դատարանում է: Սահակյանն ասաց, որ Ջոն Հայրապետյանն իրեն հանդիպած առաջին դատավորն է, որ նման պայմաններում նման որոշում է կայացրել և նշեց, որ այն բողոքարկելու են:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չէր ներկայացել, իսկ վերջինս առարկեց, որ նիստը շարունակվի պաշտպանի բացակայությամբ: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 13-ին:

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter