
Ուկրաինայում պատերազմի 72-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Ուկրաինայում պատերազմի 72-րդ օրվա առավոտյան ամփոփումը սկսենք ժամի գլխավոր նորություններով։
- Նախօրեին երեկոյան ամերիկյան լրատվամիջոցներում հայտնվեցին նոր հրապարակումներ ամերիկյան հետախուզության և Ուկրաինայի զինված ուժերի համագործակցության վերաբերյալ։ Այս անգամ ԱՄՆ-ում անանուն աղբյուրները պատմել էին, որ ամերիկյան հետախուզությունն Ուկրաինայի զինված ուժերին տվյալներ է տրամադրել ռուսական «Մոսկվա» հածանավին հարվածելու համար։ Հրապարակմանն արձագանքել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ հայտարարելով, որ հարվածի մասին որոշումն ուկրաինացիներն ինքնուրույն են կայացրել, իսկ թևավոր հրթիռների ուղղորդման վերաբերյալ տվյալներն ԱՄՆ նրանց չի փոխանցել։
- «Азовсталь» մետալուրգիական կոմբինատին, որի նկուղներում մնում է մոտ 200 խաղաղ բնակիչ, հինգշաբթի օրը պետք է հասնի տարհանման շարասյունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի համակարգող Մարտին Գրիֆիթսը։
- Եվրամիության երկրները շարունակում են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, հատկապես ռուսական նավթի ներկրման վրա էմբարգոյի սահմանումը։ Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ, առաջին հերթին Հունգարիան և Սլովակիան, իրենց համար երկար անցումային շրջան են պահանջում իրենց նավթավերամշակման գործարանները վերաձևափոխելու և հումքի մատակարարման այլընտրանքային ուղիները կարգավորելու համար:
- ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ժամանել է Արևելյան Եվրոպա։ Նրա շրջագայությունը հինգշաբթի օրը կմեկնարկի Ռումինիայից, իսկ կիրակի օրը Սլովակիայում նա կհանդիպի ուկրաինացի փախստականների հետ և կժամանի նաև Ուկրաինայի հետ սահման։
- Դոնեցկի և Լուգանսկի մարզերում վերջին մեկ օրվա ընթացքում հետ է մղվել ռուսական 11 հարձակում, ոչնչացվել 8 տանկ և 11 միավոր զրահատեխնիկա, ինչպես նաև 5 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։ Սրանք Ուկրաինայի զինված ուժերի տվյալներն են և հաստատված չեն ռուսական կողմից կամ անկախ աղբյուրներից։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան ստացել է 12 միլիարդ դոլարի զենք և ֆինանսական օգնություն։
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ Ուկրաինայի օգնության դոնորների կոնֆերանսի ժամանակ, որը մայիսի 5-ին կայացել է Վարշավայում։
Պատերազմից Ուկրաինայի վնասները, տարբեր գնահատականներով, արդեն կազմել է 60-ից 600 միլիարդ դոլար։
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Սևերոդոնեցկի «Ազոտ» ձեռնարկությունը։
Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա խոսքով՝ հրթիռակոծությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Փրկարարները կարողացել են կանխարգելել ցիստեռների այրման վտանգը։ Քաղաքում հրթիռակոծության հետևանքով վնասվել է 12 շենք, զոհվել 2 մարդ։
Բացի Սևերոդոնեցկից, հարվածի տակ են հայտնվել նաև Լիսիչանսկը, Օրեխովոյեն, Գորսկոյեն և Պոպասնայան։
Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին
- Ռուսական զորքերն արդեն երկրորդ օրն է շարունակում են «Азовсталь»-ի ցամաքային գրոհը, չնայած Ռուսաստանի այն պնդումներին, որ իրենք կձգտեն միայն արգելափակել մուտքը։
- Ռուսաստանի նոր փորձը, վերահսկողության տակ վերցնելու «Азовсталь»-ի տարածքը, հավանական է, որ կապված է առաջիկա Հաղթանակի օրվա (մայիսի 9) և Ուկրաինայում խորհրդանշական հաջողության հասնելու հետ։
- Գործարանի գրոհը Ռուսաստանին արժեցել է անձնակազմի, սարքավորումների ու զինամթերքի մեծ կորուստներ, ինչպես նաև չի թողնում Ուկրաինայի հարավից այլ տեղ շարժվել նրա ուժերի մի մասին։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 06 May 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 6, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/6jHlpk2hy5
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/7ViaoqSnAV
Բելառուսցի Սերգեյ Կոլոցեյը, որին ուկրաինացիները կասկածում են Բուչայում սպանությունների մեջ, հարցազրույց է տվել բելառուսական ОНТ պետական հեռուստաընկերությանը։
Նա կրկնել է իր խոսքերն այն մասին, որ չի ծառայում ռուսական զորքերում և վերջին երկու տարվա ընթացքում չի եղել Ուկրաինայում։
«Կան հազարավոր հաստատումներ, որ ես եղել եմ այստեղ (Մոզիր քաղաքում)։ Ես ընտանիք ունեմ։ Հիմարություն է, զարթնեք մարդիկ, այդ ամեն ինչը սուտ է, դուք մեղադրում եք անմեղ մարդու»,- հայտարարել է Կոլոցեյը։
Վիկտոր Օրբանը ռուսական նավթի էմբարգոն անվանել է Հունգարիայի համար «ատոմային ռումբ» և հրաժարվել աջակցել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր ներկայիս տեսքով պատրաստ չէ աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթին։ Այդ մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը։
Օրբանը ռուսական նավթի ներկրման արգելքն անվանել է հունգարական տնտեսության համար «ատոմային ռումբ» և հայտարարել, որ Բուդապեշտը ձգտում է հինգ տարով հետաձգել էմբարգոյի հաստատումը։ Ավելի վաղ, նշվում էր, որ Հունգարիայի և Սլովակիայի համար կարող է բացառություն լինել մեկ տարին։
Բացի այդ, Օրբանը հայտարարել է, որ չի աջակցի կրոնական գործիչների նկատմամբ պատժամիջոցներին, այդ թվում՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի։
Լուսանկարը՝ Chris McGrath/Getty Images-ի
Մեկնաբանել