
Ադրբեջանական ավտոշարասյունը վթարի է ենթարկել Արցախի քաղաքացու մեքենան
Մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։
«Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ»,- ասվում է ԱՀ դատախազության հաղորդագրությունում:
Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ադրբեջանական բեռնատարի հարվածից արցախցու մեքենան 12 մետր գլորվել է ձորը, այն եղել է տաքսի ծառայության ավտոմեքենա։
«Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝
- Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
- Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
- Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։
Մեկնաբանել