
ՌԴ ԱԳՆ. ռուս-ուկրաինական բանակցություններն առաջ չեն գնում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններն առաջ չեն ընթանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
Նա բանակցությունների դադարեցման մեղքը բարդել է Ուկրաինայի վրա։ «Առավել պերճախոս ձևով դրանց (բանակցությունների) շարունակման դժկամության մասին վկայում են ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները»,- ասել է Զայցևը։
Ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ մայիսի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռանկարներ չի տեսնում բանակցությունների համար, իսկ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հերքել էր «խաղաղության պայմանագրի ցանկացած հնարավորություն»։
Ռուս-ուկրաինական վերջին դեմ առ դեմ բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի սկզբին Ստամբուլում։ Դրա արդյունքում կողմերը հայտարարել էին բանակցային գործընթացում հստակ առաջընթացի ձեռքբերման մասին։
Ստամբուլյան բանակցություններից հետո Մոսկվան Կիևին սկսեց մեղադրել անհետևողականության և արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից հեռանալու փորձերի մեջ։ Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին սկսեցին հայտարարել, որ ռուսական զորքերի հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին ուկրաինական հասարակությունը ավելի քիչ է պատրաստ ՌԴ-ի հետ ցանկացած համաձայնության։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել