HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արմեն Խաչատրյան. «Երկրում չի կարող ամեն անգամ հեղափոխություն լինել»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությամբ մայիսի 5-ին աշխատանքային քննարկում է եղել անհնազանդության ակցիաների ժամանակ հասարակական կարգը խախտած քաղաքացիների մասին: Անդրանիկ Քոչարյանը կասկած է հայտնել, որ երիտասարդների մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են, ապա կոչ է արել իրավապահ մարմիններին հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և փոխանցել Պաշտպանության նախարարությանը:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի հետ, որը ևս մասնակցել է այդ քննարկմանը:

Պարո´ն Խաչատրյան, հանձնաժողովի անդամներն ինչ-որ տեղեկություննե՞ր են ստացել նման մտահոգություններ բարձրաձայնելու համար, որ ակցիաների` բերման ենթարկված անձինք ենթադրաբար տարբեր զորակոչերից խուսափածներն են:

-Ոչ, պարզապես բազմաթիվ հանրային մտահոգություններ ենք ստացել և´ սոցցանցերով, և´ նամակագրություններով, և´ անձնական դիմումներով: Շատ է այդ հարցը արծարծվում, և այնպես չէ, որ միայն վերջին մի քանի օրն է քննարկվում: Պարզապես վերջին իրադարձությունների ժամանակ բավականին շատ քաղաքացիներ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունը, թե արդյոք էս մարդիկ մասնակցո՞ւմ են մեր երկրի պաշտպանական, մոբիլիզացիոն գործընթացներին, արդյոք ովքեր բանակում չեն ծառայել, իրավաչա՞փ է այդ չծառայելը: Երեկվա մեր քննարկումն այն մասին էր, որ պատկան մարմիններն այս ուղղությամբ ուշադիր լինեն, վերլուծեն իրավիճակը, որի հետևանքով պարզ կլինի` քաղաքացիների մտահոգությունները հիմք ունե՞ն, թե՞ոչ:

Ստացվում է` նման քննարկում նախաձեռնելու համար հիմք են հանդիսացել միայն քաղաքացիների մտահոգություննե՞րը:

 -Այո, մենք պարտավոր ենք արձագանքել քաղաքացիների ցանկացած հայտարարություններին, բարձրաձայնած տեղեկություններին: Եւ իհարկե այն տեղեկությունները, որոնք վերաբերում են երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, արդեն մեր հանձնաժողովի գործունեության տիրույթում են, և բնականաբար, առաջինը մենք պետք է արձագանքենք:

Պարոն Խաչատրյան, ամեն դեպքում ինչո՞ւ նման կասկած առաջացավ, եթե ցուցարարների շրջանում զորակոչերից խուսափածներ լինեին, նրանք պետք է քրեական հետապնդման ենթարկվեին, այդ դեպքում ինչո՞ւ էին ազատության մեջ և ցույցերի մասնակցում:

-Այո´, ճիշտ եք ասում, բայց եթե հետևեք սոցցանցերի խոսույթին և տեղեկություններին, այդ մտահոգությունը կա: Այո´, եթե կա օրենք, կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է օրենքի շրջանակներում իրենց գործառույթը կատարեն: Սակայն մեր խնդիրն այն է, որ նորից ուշադրություն հրավիրենք այդ հարցի վրա և հստակ պատասխան ստանանք, թե այդ գործընթացներն ինչպես են կատարվում, և սոցցանցերում ու ԶԼՄ-ներում հնչող տեղեկությունները կասկածի տեղիք տալի՞ս են, թե ոչ: Ամեն դեպքում պետք է փարատվի այդ կասկածը: Մեր ժողովրդի համար բանակում ծառայել-չծառայելը, մոբիլիզացիային մասնակցել-չմասնակցելը շատ նուրբ հարց է: Հետևաբար անհրաժեշտ ենք համարել իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ կատարեն ուսումնասիրություններ և դրանց արդյունքների մասին տեղեկացնեն:

Սրանով կարծես թե տպավորություն է ստեղծվում, որ փորձում եք քայլեր ձեռնարկելով ճնշել անհնազանդության ակցիաները, որպեսզի քաղաքացիները խուսափեն մասնակցել:

-Այս ամենն ակցիաների հետ կապ չունի: Մենք իրավապահ մարմիններին առաջարկեցինք մանրամասն ուսումնասիրել առկա մտահոգությունները և վիճակագրություն վարել այս առումով: Մենք պետք է հասկանանք էդ մտահոգությունները տեղին են, թե տեղին չեն, եթե տեղին են, քայլեր ձեռնարկվեն, եթե ոչ, ապա այդ մասին ևս պետք է հայտնել հանրությանը: Որևէ մեկի վրա ճնշում գործադրելու նպատակ չկա:

Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որտեղ ամենակարևոր հարցերից մեկն անձի քաղաքական իրավունքների իրացումն է, այդ իրավունքների իրացման հարցում իշխանությունը որևէ խոչընդոտներ չի ստեղծում: Սակայն պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել` քաղաքական իրավունքներն ու ազատությունները սահմանափակվում են այնտեղ, որտեղից սկսվում են այլոց իրավունքները: Եթե դու քո քաղաքական իրավունքներն իրագործելիս արդեն այլոց իրավունքներն ես ոտնահարում, այստեղ արդեն պետությունը պարտավոր է միջամտել: Մենք արդեն շատ բողոքներ ենք ստացել քաղաքացիներից, որ այս քաղաքական ակցիաները լրջորեն ոտնահարում են այլոց իրավունքները` սկսած ազատ տեղաշարժման վերջացրած հանգստի իրավունքով: Բազմաթիվ են բողոքները, մարդիկ արդեն չեն հանդուրժում այս վիճակը:

2018-ին էլ կային չէ՞ դժգոհողներ նույն իրավունքների ոտնահարման համար:

2018-ին եղել է հեղափոխություն, դրանից հետո սահմանադրական նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ: Երկրում չի կարող ամեն անգամ հեղափոխություն լինել, դա ծայրահեղ քաղաքական իրողություն է, որ տեղի է ունենում այն պատճառով, երբ այլևս սպառված են լինում իշխանություն փոխելու բոլոր տեսակի հնարավորությունները,  երբ ընտրություններն արդյունք չեն տալիս:

Հիմա մենք ժողովրդավարական պետություն ենք, բոլորն ունեն իրենց քաղաքական իրավունքներն իրացնելու հնարավորությունը և պայքարելու իշխանության հասնելու համար, բայց այդ ամենը` միայն օրինական ճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter