
Արմավիրի մարզի համայնքները պլանավորել են շատ, սակայն հավաքել՝ քիչ եկամուտ
Այսօր հրավիրվել էր Արմավիրի մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված էր նաև համայնքների եկամուտներին վերաբերող հարցեր: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը, նշեց, որ որոշ համայնքներում թերացել են պլանների կատարման հարցում:
Այս տարվա առաջին եռամսյակում համայնքների կողմից ընդհանուր եկամուտների պլանավորումը կազմել է 2 մլրդ 709 մլն 578 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է պլանավորված 142 մլն 613 հազ. դրամով: Պլանը կատարվել է 81.4%-ով՝ նախորդ տարվա 74,3%-ի համեմատ:
Ի տարբերություն ընդհանուր եկամուտների, սեփական եկամուտների պլանավորումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 252 մլն 513 հազ. դրամով ավել է պլանավորվել: Պլանը կատարվել է 76,3%-ով, նախորդ տարվա 94,5%-ի համեմատ:
Արմավիրի մարզի համայնքների կողմից անշարժ գույքի հարկի պլանավորումը նախորդ տարվա համեմատ 5 մլն 727 հազ. դրամով ավել է, փոխարենը կատարողականն է նվազել. 52,8%՝ նախորդ տարվա 60%-ի համեմատ:
Փոխադրամիջոցների գույքահարկի պլանավորումը ևս ավել է նախորդ տարվա համեմատ մոտ 135 մլն 814 հազ. դրամով, սակայն կատարողականը կազմել է 83,1%: 2021թ-ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 114.8%:
Փոխարենը համեմատաբար լավ է կատարվել հողի և գույքի վարձակալության գծով պլանավորումը: Նախ, նախորդ տարվա հեմամատ ավել է պլանավորվել 2 մլն 817 հազ. դրամով, իսկ կատարումը եղել է 74,2%՝ նախորդ տարվա 66%-ի համեմատ:
Գրեթե նույն պատկերն է նաև տեղական վճարների գծով պլանավորմանը: Նախորդ տարվա համեմատ ավել է պլանավորվել 64 մլն 327 հազ. դրամ, սակայն փաստացի կատարվել է 61.8%-ով՝ նախորդ տարվա 84%-ի համեմատ:
Սեփական եկամուտների ամենաբարձ կատարողականներն ունեն Փարաքար և Վաղարշապատ համայնքները, համապատասխանաբար՝ 126.8% և 124.5%, իսկ ամենացածրը չխոշորացված եզդիաբնակ Ֆերիկ համայնքը՝ 48.4%: Խոշորացված համայնքներից ամենացածր կատարողական ունի Խոյ համայնքը՝ 60.2%:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը կոչ արեց համայնքների ղեկավարներին բյուջեի պլանը կատարել և քայլեր ձեռնարկել, որպեսզի երկրորդ եռամսյակում պատկերը շտկվի: Նա հորդորեց, որ համայնքի ղեկավարները միասնական միօրինակ ձևով իրականացնեն բռնագանձման քայլերը՝ խրախուսելով օրենքով նախատեսված ցանկացած ձևով հավաքագրումների ապահովումը:
Մեկնաբանել