
Պայթյուն Հավանայի պատմական հյուրանոցներից մեկում. զոհվել է 22 մարդ
Առնվազն 22 մարդ է զոհվել և ավելի քան 60-ը հոսպիտալացվել Կուբայի մայրաքաղաքի ամենահայտնի հինգաստղանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ BBC-ն գրում է, որ Կուբայի իշխանությունների տվյալներով՝ Հավանայի Կապիտոլիումի դիմաց գտնվող Saratoga հյուրանոցում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, գազի հետ կապված դժբախտ պատահար է եղել։
Պատմական հինգհարկանի շենքը պատրաստ էր չորս օր անց վերսկսելու իր աշխատանքը՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված դադարից հետո։ Հիմա այն գտնվում է ավերակների մեջ, արտաքին պատերի մեծ մասը փլվել են։ Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Ենթադրվում է, որ գազով ցիստեռնը, որը կայանված է եղել Saratoga հյուրանոցի մոտ, այրվել է, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել՝ ավերելով շենքի մի քանի հարկեր։ Ավելի վաղ նշվում էր, որ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ գազի արտահոսքը։ Հյուրանոցի հետևում գտնվող դպրոցը չի տուժել, տեղական իշխանությունները հայտարարել են, որ երեխաները բարեհաջող տարհանվել են։
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը այցելել է դեպքի վայր և պատմել, որ իշխանությունները չեն դիտարկում ահաբեկչության վարկածը։ «Դա դժբախտ պատահար է։ Որևէ դեպքում դա ռումբ կամ հարձակում չի եղել»,- Reuters գործակալությանը հայտնել է Կուբայի նախագահը։
Իշխանությունների տվյալներով՝ զոհերի թվում կա հղի կին և երեխա։ Միևնույն ժամանակ, պետական հեռուստատեսությունը փոխանցել է, որ պայթյունի ժամանակ շենքի ներսում գտնվել են միայն բանվորները։
Հավանայի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում պայթյունը տեղի է ունեցել կորոնավիրուսի համավարակից հետո այդ երկրում զբոսաշրջության վերածննդի ֆոնին։ Համավարակի գրեթե ողջ ընթացքում այս հյուրանոցը վերանորոգվում էր։ 19-րդ դարի այս հյուրանոցում տարբեր ժամանակներում կանգ են առել Մադոննան, Բեյոնսեն, Միջ Ջագերը և այլ հայտնիներ, որոնք Կուբա էին ժամանել նախկին նախագահ Բարաք Օբամայի նախագահության շրջանում, երբ ջերմացել էին Վաշինգտոնի և Հավանայի հարաբերությունները։
Պայթյունը խուճապի կարճ ալիք էր առաջացրել Հավանայի պատմական հին շրջանում, որն աստիճանաբար սկսել էր բացվել զբոսաշրջիկների համար։ Հարյուրավոր կուբացիներ և զբոսաշրջիկներ հավաքվել էին հյուրանոցի մոտ, իսկ ոստիկանությունը շրջափակել էր հյուրանոցի հարակից տարածքը։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են և դեռևս հստակ չէ, թե արդյոք փլատակների տակ կան այլ տուժածներ։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել