HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքները փոփոխվող աշխարհում

Աշխարհում ընթանում են չափազանց հետաքրքիր պատմական իրադարձություններ: Որոշ նշանային գործընթացների դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ ներկայումս դրվում է նոր տեսակի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավական համակարգի ստեղծման հիմքը: Արձանագրվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են միջազգային քաղաքական և իրավական դաշտում այլ սկզբունքների ու գործոնների նկատմամբ «մարդու իրավունքներ» սկզբունքի գերակայության հաստատմանը:

«Մենք պատմական հնարավորության առջև ենք կանգնած։ Մենք հնարավորություն ունենք ցույց տալու, որ Ամերիկան ավելի արժևորում է թունիսցի փողոցային առևտրականի պատիվը և ոչ թե Թունիսի բռնապետի շահերը (http://www.azatutyun.am/content/blog/24180285.html)»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արաբական հեղափոխությունների վերաբերյալ մայիսի 19-ի իր ելույթում:

Փաստորեն ԱՄՆ-ը՝ միջազգային ասպարեզում գերհզոր խաղացողը, ցանկանում է բոլորին հասկացնել, որ նույնիսկ իր հավատարիմ դաշնակիցների շահերը չեն կարող առաջնային լինել. առաջնայինը մարդու իրավունքներն են:

Վերջերս Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ արտահայտվելիս նշել է, որ թեև Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ միավոր, սակայն չի կարելի մոռանալ շարքային մարդկանց հիմնական կարիքների մասին, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտարարել է, որ մարդու համար ամենակարևորը սեփական կյանքն է և սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորությունը (http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1406112.html):

Ի՞նչ է նա ցանկացել բացատրել դրանով: Երևի թե այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կապված չէ այն հանգամանքի հետ, թե ինչ կարգավիճակ ունի կամ, միգուցե, ընդհանրապես չունի այն միավորը, որում ապրում են մարդիկ:

Այստեղ հարկավոր է նշել նաև, որ միջազգային հանրությունը դեռևս ոչ պաշտոնական իր կառույցների միջոցով մեծ ուշադրություն է դարձնում չճանաչված երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին: Օրինակ՝ հեղինակավոր Freedom House կազմակերպությունը, որն իրականացնում է տարբեր պետություններում առկա քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մոնիթորինգ, առանձին դիտարկման է ենթարկում նաև չճանաչված պետությունները:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ անտրամաբանական է չճանաչված պետություններում պետական ինստիտուտների դիտարկումը, դրանց որակի կարևորումը: Սակայն խնդիրը հենց այն է, որ միջազգային հանրությունը սկսել է խթանել աշխարհի յուրաքանչյուր անկյունում ժողովրդավարական սկզբունքների վրա մարդկանց ինքնակառավարումը, քանզի գիտակցում է, որ հակառակ դեպքում կամ քաոս է առաջանում, կամ դիկտատուրա, ինչն իր հերթին վաղ թե ուշ խթանում է սոցիալական ընդվզումներ, որոնց հետևանքը անկայունության և ցնցումներով լի նոր օջախների ի հայտ գալն է:

Այն, որ միջազգային ասպարեզում մարդու իրավունքները սկսել են ավելի կարևորվել, վկայում է նաև վերջին շրջանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ համաշխարհային հանրության ուշադրության մեծացման փաստը:

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998թ. որպես մշտական գործող դատարան, որի հիմնական գործառույթն է քննել և արդարադատությանը հանձնել այն անհատներին, ովքեր գործել են պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ իրականացված ոճիրներ:

ՄՔԴ-ն, ի տարբերություն այլ դատարանների, օժտված է նաև դատախազական գործառույթներով. Դատարանը, առանց որևէ պետությունից դիմում ստանալու, կարող է ինքնուրույն հետաքննություն սկսել և դատական գործ հարուցել իր անդամ պետության քաղաքացի հանդիսացող ցանկացած մարդու նկատմամբ (Միջազգային քրեական դատարանի մասին տես այստեղ՝ http://www.icc-cpi.int/Menus/ICC/About+the+Court/):

Հետաքրքրական է, որ թեև ՄՔԴ-ի իրավասությունը տարածվում է նրա կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը վավերացրած պետությունների վրա, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է հատուկ բանաձև ընդունելու միջոցով Դատարան ուղարկել այնպիսի մի իրավիճակ, երբ հանցագործությունը կատարված է ՄՔԴ-ի ոչ մասնակից պետության տարածքում կամ այդ պետության քաղաքացիների կողմից:

Այդպիսի դեպքի ամենաթարմ օրինակ է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նկատմամբ գործի հարուցումը, ինչն, ի դեպ, մեծապես նպաստեց վերոնշյալ դատարանի կարևորության մասին առկա խոսակցությունների աշխուժացմանը:

Եթե դատարանը ապագայում կարողանա ավելի արդյունավետ գործել և դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը վավերացրած (ներկայումս միայն 115 պետություն է վավերացրել Հռոմի ստատուտը (http://www.iccnow.org/?mod=download&doc=4352)) պետությունների թիվը կտրուկ աճի, ապա մենք ականատես կլինենք համաշխարհային, վերազգային դատական և դատախազական յուրօրինակ մի համակարգի հիմնադրմանը, ինչը, հնարավոր է, հետագայում կարող է բերել նմանատիպ այլ, միգուցե ավելի մեծ լիազորություններով օժտված դատարանների առաջացմանը:

Հայաստանն այնպիսի երկրներից է, որոնք ստորագրել են, սակայն չեն վավերացրել Հռոմի ստատուտը: Հայաստանի համար նման դատարանի մաս չկազմելը նախևառաջ նշանակում է դուրս մնալ եվրոպական երկրների ընտանիքից, քանի որ ՄՔԴ-ն առավելապես եվրոպական նախաձեռնություն է: Ուստի, կարծում ենք, որ ժամանակն է Հայաստանում այս խնդրի շուրջ ծավալել լուրջ հասարակական քննարկումներ:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Լուսանկարը՝ flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter