HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Իշխանությանը հեռացնելուց հետո ընդդիմությունը կվերանայի համայնքների խոշորացման ծրագիրը․ բողոքի ակցիաների 13-րդ օրը

Իշխանությունների հեռացման պահանջով ընդդիմադիրների բողոքի ակցիաների 13-րդ օրը մեկնարկել է Վանաձորում հանրահավաքով։ Մինչ այդ Երևանում Ֆրանսիայի հրապարակից կեսօրին սկսվել է կանանց երթը։ 

Ակցիայի մասնակիցները նախ հարգել են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի  ենթարկված հղի կնոջ հիշատակը, այնուհետև կառավարական առանձնատների մոտ զարդեր դրել՝ Աննա Հակոբյանին հիշեցնելով փամփուշտներից զարդ սարքելու իր կոչը։

«Սա պայքար է հանուն հայրենիքի, սա պայքար չէ իշխանության համար, ոնց փորձում են ներկայացնել գործող իշխանությունները, մենք հասկանում ենք, որ իրոք հայրենիք ենք կորցնում և դուրս ենք եկել պայքարելու հանուն երկրի և ժողովրդի, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան և Արցախ։ Հայաստանը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել, հայ ժողովուդը ոտքի է կանգնել և բոլորս կարճ ժամանակ հետո հասնելու ենք մեր նպատակին»,- Վանաձորում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավորն էլ ասել է՝ պետք է իշխանություններին հեռացնել, որպեսզի երկիրը դուրս բերեն այս վիճակից։ «Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք։ Եթե ​​շարունակեն մնալ իշխանության, մենք կկորցնենք ամեն ինչ, կկորցնենք Արցախը, հետո Սյունիքը, հետո կմտածենք Գեղարքունիքի մասին»,- նշել է նա։

Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հանրահավաքի ժամանակ ասել է, որ այսօր Քյոլնի քաղաքային իշխանությունները որոշել են ապամոնտաժել այնտեղ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։ 

«Սա պատճառ է իշխանություների վարած քաղաքականության։ Օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հայ ժողովրդի կամքը, դիրքորոշումն այստեղ է։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումն այլընտրանք չունի»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ մարզերի բնակիչներն այսօր մոտենում էին իրենց և դեմ արտահայտվում համայնքների խոշորացման ծրագրին՝ ասելով, որ դա տեղի է ունեցել ապօրինի, հաշվի չի առնվել իրենց կարծիքը, համայնքներում կա մեծ դժգոհություն։

«Ձեր այդ պահանջն ամբողջությամբ ընդունում ենք, և այս հրապարակից հայտարարում՝ սրանց դուրս վռնդելուց հետո աբողջությամբ կվերանայենք համայնքների խոշորացման գործընթացը»,- հավաստիացրել է պատգամավորը։

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ընդդիմության պայքարի նպատակներին։

Նրա խոսքով՝ առաջին հերթին պայքարում են, որ ունենան ամուր պետություն։ 

«Դա դասագրքային ճշմարտություն է։ Եթե ուզում ես քանդել որևէ պետություն, իշխանության բեր անբանների, ստախոսների և պոպուլիստների․ ամբողջը կքանդեն։ Սրանք այդ ընթացի մեջ են։

Երկրորդը՝ պայքարում ենք, որ ունենաք ամուր հասարակություն։ Պետք է պահպանենք մեր ազգային ինքնությունը, մշակույթը, պատմությունը, եկեղեցին։ Սրանք դա պղծում են։ Իսկ ամուր ազգային հասարակություն ունենալու համար դրանք կարևոր հիմքեր են։

Երրորդը՝ պայքարում ենք մեր երկրի անվտանգության համար։ Անհրաժեշտ է ամուր բանակ, անվտանգության կառավարման համակարգ։ Սրանք ասում են՝ դա հնարավոր չէ, մենք ասում ենք՝ հնարավոր է, հայ ժողովուրդ ունի այդ ներուժը։ Եթե չենք ուզում լինի պատերազմ, հանուն խաղաղության պետք է ունենանք ամուր բանակ և անվտանգության ուժեղ համակարգ, մենք դա կարող ենք։

Չորրորդը՝ մեզ անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն, որեպսզի մեր մնացած պահանջներն իրականացնենք։ Էս որակի կառավարիչներով դա հնարավոր չէ»,- հայտնել է նա։

Անդրադառնալով վաղվա ծրագրերին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը տեղեկացրել է, որ վաղը՝ ժամը 13։00-ին, հանրահավաքը տեղի կունենա Գյումրիում։ 

«Ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում տիրելու է Արցախի շունչը։ Արցախցիները կազմակերպելու են մշակութային միջոցառումներ։ Հանրահավաք մեծ չենք ունենալու, որովհետև մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, հրավիրում ենք մեծ հանրահավաք»,- եզրափակել է Իշխան Սաղաթելյանը։

Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter