Կհիմնադրվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը
«Այսօր Արցախի գիտակրթական կյանքի աշխուժացման ու որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ կարևոր (նույնիսկ կասեի՝ պատմական) քայլ ենք կատարել «Անանիա Շիրակացի» ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ միասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նշել է, որ մի քանի ամսվա քննարկումների ու աշխատանքի արդյունքում հպարտությամբ ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր, որի հիման վրա կհիմնադրվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը՝ Երևանում գործող հայտնի համալիրի ողջ կրթական ծրագրով հանդերձ:
«Այս նախաձեռնությունը երեխաներին որակյալ կրթություն տալու մեր պարտականությունների ու հավատամքի սահմանումն է, բանաձևն է բոլոր հաջողությունների ու վերելքների: Մայիսյան եռատոնին ընդառաջ այս իրադարձությունն իսկապես խորհրդանշական է, քանի որ միայն գիտելիքով ու հայրենապաշտությամբ ներարկված սերունդն է հաջողելու բարդ ու փորձություններով լի ժամանակներում:
Վստահ եմ, որ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ազգային ու միջազգային նշանակալի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծումը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար»,- գրել է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել