HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ յոթնյակի երկրները խոստացել են ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները

Մեծ յոթնյակի երկրները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են անցկացրել։ Հայտարարություն է ընդունվել, համաձայն որի՝ այդ երկրները վերահաստատել են Ուկրաինային աջակցության մեծացումն Ռուսաստանի դեմ պատերազմի և հերթական անգամ քննադատել ռուսական ներխուժումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի հետ նույն սենյակում եղել է նաև Կիև այցելած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակել է Սպիտակ տունը, մասնավորապես նշվում է, որ Զելենսկին հայտարարել է «Ուկրաինայի վճռական պատրաստակամության մասին պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ Զելենսկու խոսքով՝ վերջնական նպատակը հանդիսանում է «Ուկրաինայի տարածքից ռուսական զինված ուժերի և տեխնիկայի ամբողջական դուրսբերման և Ուկրաինայի՝ ապագայում իրեն պաշտպանելու ունակության ապահովումը»։

Մեծ յոթնյակի երկրները «նախագահ Զելենսկուն վստահեցրել են, որ պատրաստ են իրենց վրա վերցնել հետագա պարտավորություններ, որպեսզի Ուկրաինային օգնեն ապահովել իր ազատ և ժողովրդավարական ապագան, որպեսզի նա կարողանա ինքն իրեն պաշտպանել հիմա և կանխարգելել ագրեսիայի ապագա գործողությունները»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հանդիպումը կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարելիցին, և դրա մասնակիցները հարգում են միլիոնավոր զոհերի հիշատակը ու հարգանքի տուրք մատուցում նրանց, որոնք հաղթանակել են ֆաշիզմի նկատմամբ, ներառյալ՝ դաշնակից երկրներն ու ԽՍՀՄ-ն։ «77 տարի անց նախագահ Պուտինն ու նրա ռեժիմը որոշել են ներխուժել Ուկրաինա՝ այդպիսով սկսելով ոչնչով չհրահրված ագրեսիա ինքնիշխան պետության դեմ։ Նրա գործողությունները ամոթահար են անում Ռուսաստանին ու նրա ժողովրդի պատմական կորուստներին»,- ընդգծել են հանդիպման մասնակիցները։

«Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի նախագահ Պուտինը, ինչպես նաև այս ագրեսիայի կազմակերպիչներն ու հանցակիցները, ներառյալ՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմը, պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին»,- նշվում է փաստաթղթում։ 

Համատեղ հայտարարության մասնակիցները նաև ազդարարել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները, ներառյալ՝ «նախագահ Պուտինին աջակցող ֆինանսական էլիտայի և նրանց ընտանիքների անդամների ընկերությունների դեմ»։ Բացի այդ, Մեծ յոթնյակը որոշել է աստիճանական արգելք դնել ռուսական նավթի ներկրման վրա ու այլ միջոցներ, որոնք Ռուսաստանին կստիպեն «մեծ գին վճարել պուտինյան պատերազմի, Ուկրաինա նրա ներխուժման համար»։

«Նախագահ Պուտինը չպետք է հաղթի Ուկրաինայի դեմ իր պատերազմը։ Մենք պարտավոր ենք դա անել բոլոր նրանց հիշատակի համար, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են ազատության համար, շարունակել դրա համար կռվել այսօր, հանուն Ուկրաինայի ժողովրդի, Եվրոպայի և միջազգային հանրության»։

Լուսանկարը՝ Pool photo by Thibault Camus

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter