
Երեք տարվա մեջ առաջին անգամ Իրան է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայիսի 8-ին վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ այցելել է Իրան։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Թեհրանում նա հանդիպել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Հանդիպումից կադրեր է հրապարակել սիրիական պետական SANA գործակալությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և հստակեցվել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։
الرئيس #الأسد يجري زيارة عمل إلى طهران يبحث خلالها والسيد #الخامنئي و #رئيسي التعاون الثنائي والتفاهم المشترك حول قضايا المنطقةhttps://t.co/qRLSoRoqbp pic.twitter.com/rPrqz6uIIS
— الوكالة العربية السورية للأنباء - سانا (@SanaAjel) May 8, 2022
2019 թվականի փետրվարից ի վեր սա Ասադի առաջին այցն էր Թեհրան և երկրորդը Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր։ Նշվում է, որ Սիրիայի նախագահն արդեն իսկ լքել է իրանական մայրաքաղաքը և մեկնել Դամասկոս։
Իրանը Ռուսաստանի հետ միասին Սիրիայի առաջնորդի հիմնական դաշնակիցներից մեկն է։ Թեհրանը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրում Ասադի կառավարությանը։
Այս տարվա մարտին, Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր, Բաշար Ասադը այցելեց նաև Միացյալ Արաբական Էմիրություններ, որը Պարսից ծոցի արաբական մյուս երկրների հետ միասին փակել էր իր դեսպանությունը Սիրիայում՝ ի նշան սիրիական կառավարության կողմից ընդդիմության բողոքի ցույցերի ճնշման։ Ավելի ուշ, արաբական երկրները վերականգնել էին Դամասկոսի հետ հարաբերությունները՝ հայտարարելով, որ Սիրիան պետք է վերադառնա արաբական երկրների ազդեցության գոտի և հեռանա Իրանից։
Լուսանկարը՝ Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի
Մեկնաբանել