HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նոր կառավարության բանակցային խումբը նշաձող իջեցնելու ուղղությամբ չի շարժվի․ ընդդիմության քաղաքական օրակարգը

Իշխան Սաղաթելյանն այսօր՝ մայիսի 9-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե ինչ է լինելու իշխանությանը հեռացնելուց հետո, և թե նոր կառավարությունը ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ 

«Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է արդյոք։ Իհարկե, այո։ Ինչպե՞ս։ Ելքը՝ անվտանգության, համերաշխություն, կայունություն առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է։ Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց, և ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրքաադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը։ Այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա»,- նշել է Սաղաթելյանը։

Ընդդիմադիր քաղաքական գործչի հավաստմամբ՝ այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ 

«Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառվի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։ 

Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին։ Կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը»,- ասել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ նոր կառավարությունը պետք է վարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգի ճգնաժամի հաղթահարումը։ Ինչպես հավաստում է պատգամավորը, պետության կառավարումից իսպառ բացառվելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքը և անբանությունը։

Վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը։

Քաղաքում և գյուղերում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշը։

«Տնտեսական աճն ուղղակիորեն պետք է արտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ։ Մարդկանց վարկային և պարտքային բեռը չպետք է զրկի նրանց արժանապատիվ ապրելու հնարավորությունից։ Վերականգնելու ենք ներքին համերաշխությունը, հասնելու ենք համահայկական ներուժի մեկտեղման՝ վերացնելով խորացվող ատելությունը, պառակտվածությունը  և անտարբերությունը։ Մեր կյանքում բացառվելու են անցյալի և ներկայի արատավոր բարքերը։

Անկեղծ և պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ հասարակության կողմից անընդունելի, նախկինում անպատշաճ վարքագիծ դրսևորած որևէ մեկը ապագա կառավարությունում որևէ դերակատարություն չի ունենալու, որևէ արտոնյալ կարգավիճակի չի ունենալու։ Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր»,- հայտնել է ԱԺ փոխնախագահը։

Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, որ այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն․

«Սա նշանակում է՝ դերակատար բոլոր քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը: Սրանց հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 քաղաքացիների, պրոֆեսիոնալ անհատների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը»։

Բացառվելու է կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։ 

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգը վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։

«Ժամանակավոր կառավարությունն անմիջապես կձևավորի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում նաև՝ Թուրքիայի հետ, բայց երբեք նշաձող իջեցնելու ուղղությամբ չի շարժվի։

Իրավիճակի կայունացումից հետո, ենթադրաբար, 1-1.5 տարի հետո կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս հեռացնել իշխանությանը՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ դա ենթադրում է երկու փուլ՝ երկիշխանության առաջացում և գործող իշխանությունների հեռացում։ Երկիշխանությունն արդեն կայանում է, որի դրսևորումներն են՝

  • Ձևավորվել է լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Այս հրապարակը դարձել է գործոն,
  • Թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար հսակ փաստ է, որ Նիկոլը երկիրը նոր զիջումների տանելու համար լեգիտիմ մանդատ չունի,
  • Հանրային ճնշմամբ իշխանությունները ստիպված արդեն փորձում են քողարկել իրենց հայրենադավ ծրագրերը,
  • Իշխանության միակ հենարանը մնացել է ոստիկական բիրտ ուժը,
  • Երկրում քաղաքական ճգնաժամ է։ 2021թ. ընտրությունները, որ մի հարց չեն լուծել։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների հեռացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են։ Իշխանությունն անկարող է կասեցնել ժողովրդային շարժումը։ Ըստ այդմ, մեր առաջիկա խնդիրներն են՝

1․ Ի ցույց դնել, որ փաստացի իշխանությունը հրապարակներում է։

2․ Ի ցույց դնել, որ իշխանությունն անկարող է ժողովրդի երևէ կերպ կասեցնել ժողովրդի պայքարը և ցասումը։ Այլ խոսքով՝ ժողովուրդը պետք է դառնա իրողության լիարժեք տերը, թելադրի իր կամքը՝ փակելով ու բացելով ինչ ուզի և երբ ուզի։ Սա վերջնականապես ակնհայտ կդարձնի Նիկոլի փաստացի իշխանազրկումը, որից հետո Նիկոլի հրաժարականը կդառնա անխուսափելի։

Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան՝ մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաջիկա օրերին մեր առջև դրված գերագույն նպատակը։

Ես այստեղից դիմում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի քաղաքական ուժերին, հասարակական ուժերին, սոցիալական բոլոր շերտերին, մասնագիտական շրջանակներին, կարող անհատներին, հոգևոր, մշակութային, կրթական, բիզնեսի, ռազմական գործիչներին, բոլորին՝ Հայաստանն ամենքինս է։ Կանգնենք կողք կողքի։ Մենք կարող ենք լուծել ցանկացած խնդիր։

Այստեղ կուսակցական պայքար չկա, արտոնյալ խմբեր ու անհատներ չկան, այստեղ համաժողովրդական ընդվզում է՝ հանուն յուրաքանչուրիս արժանապատվության, հանուն ազգային ինքնության, հանուր արդար, ուժեղ և համերաշխ պետության, հանուն Հայաստանի և Արցախի։

Վստահե՛ք, մասնակցե՛ք, մենք հաղթելու ենք»,- հայտարարել է Սաղաթելյանը, որից հետո մեկնարկել է ընդդիմության երթը։

Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ՝ ԱԺ փոխխոսնակը խոսել է վաղվա ծրագրերից։

«Վաղը նախ հայտարարում ենք դասադուլ և գործադուլ, և յուրաքանչյուրդ ձեր հետ բերում եք ևս 1 քաղաքացի։ Եթե վաղն այդքանով սկսենք ամբողջ Երևանում անհնազանդության ակցիաներ, անհրաժեշտության դեպքում՝ շրջափակենք պետական կառավարական շենքերը, վերջնականապես ծնկի ենք բերելու․․․ Նիկոլ, կամ անցնցում հրաժարական ես տալիս, կամ երկիրը կանգնեցնում ենք»,- ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Գայի պողոտայից, Րաֆֆու փողոցից, 15-րդ թաղամասից և Սասունցի Դավթի արձանի մոտից վաղը ժամը 12։00-ից շարժվելու են և պարալիզացնելու ամբողջ քաղաքը։ Առավոտյան նույնպես տեղի կունենան անհնազանդության տարբեր ակցիաներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter