HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 76-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Մեկնարկել է Ուկրաինայում պատերազմի 76-րդ օրը։ Առավոտյան ամփոփումը սկսենք հակիրճ նորություններով։

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ Իզյումի շրջանում մարտերը ժամանակավոր դադարեցվել են, բայց դրանք շարունակվում են Սևերոդոնեցկից հյուսիս և հարավ ընկած գյուղերի համար։ Ռուսաստանցիները փորձում են առաջ շարժվել և հարձակվել Լիման ու Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Մարտեր են ընթանում նաև ավելի դեպի հարավ՝ Դոնեցկի մոտ։
  • ԱՄՆ կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պայմանավորվել են Ուկրաինային 40 միլիարդ դոլարի փաթեթի օգնության շուրջ, և քվեարկությունը կարող է կայանալ արդեն այսօր։
  • Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հրթիռակոծվել է Օդեսա քաղաքը, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 5 մարդ վիրավորվել։

Շարունակելով Օդեսայի թեման՝ քաղաքապետարանը հրապարակել է Օդեսայի հրթիռակոծման կադրերը։ Դրա հետևանքով այրվել է առևտրաժամանցային կենտրոնը, ավերվել է նաև ևս 5 շենք։

Ինչ վերաբերում է Իզյումին, Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պնդում է, որ Իզյումի հինգհարկանի շենքերից մեկի փլատակների տակից հանվել է 44 խաղաղ բնակչի մարմին։

Նրա խոսքով՝ շենքն ամբողջությամբ ավերվել է ռուսաստանցի զինվորականների կողմից՝ դեռ մարտի առաջին տասնօրյակում։ Մարտի վերջից այդ քաղաքը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։

Վերադառնանք տնտեսական նորություններին։ Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների նկատմամբ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել 140 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը։

Բացի այդ, պատժամիջոցների տակ է հայտնվել նաև 70 ընկերություն, որոնք կապ ունեն պաշտպանական հատվածի հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ստորագրել է Ուկրաինայի համար լենդ-լիզի օրենքը։ Դա առավելագույնս կհեշտացնի սպառազինության մատակարարումն այդ երկիր։ «Հետք»-ն առավել մանրամասն անդրադարձ կունենա դրան։

ՌԴ ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 1994 թվականից ի վեր տնտեսության ամենաուժեղ անկումը։

Այդ երկրի ֆինանսների նախարարության ներքին կանխատեսմանը ծանոթացել է Bloomberg գործակալությունը։ Գերատեսչությունը սպասում է, որ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 12 %-ով։

Գործակալության աղբյուրը հայտարարել է, որ եթե այս կանխատեսումն իրականանա, դա ի չիք կդարձնի ռուսական տնտեսության վերջին շուրջ տասը տարիների աճը։

Գերմանիան մշակում է գործողությունների պլան այն սցենարի համար, երբ Ռուսաստանի կանջատի գազի մատակարարումը։

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, հնարավոր միջոցներից մեկը դիտարկվում է տնային տնտեսությունների համար գազի օգտագործման սահմանափակումները։ Իշխանությունները նաև պատրաստ են ցուցաբերել լրացուցիչ ֆինանսական օգնություն այն ընկերություններին, որոնք զբաղված են էներգետիկ հատվածում, և նույնիսկ պատրաստ են կրիտիկական կարևորություն ունեցող ձեռնարկությունների ազգայնացմանը։

Գործակալությունը նշում է, որ վերջնական պլան դեռևս չկա։ 

Ռուսաստանը մատակարարումը է Գերմանիա ներկրվող գազի 55 %-ը։

Վերադառնանք քաղաքական նորություններին։ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել, որ Պուտինը հիմա պատերազմից դուրս գալու ելք չունի։

«(Պուտինը) ներկայումս ելք չունի։ Եվ ես փորձում եմ հասկանալ, թե ինչ պետք է մենք դրա հետ անենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը կրկնել է նաև այն թեզը, որ Պուտինը հույս ուներ, որ պատերազմը կմասնատի ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը, սակայն նրա հաշվարկները սխալ դուրս եկան։

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։

Այսօր այն նվիրված է նրան, թե ինչու Ռուսաստանին չհաջողվեց արագ ավարտել պատերազմը։

  • Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դիմադրության թերագնահատումը և դրա պլանավորումը «լավագույն սցենարով» հանգեցրեցին ակնհայտ օպերատիվ սխալների՝ թույլ չտալով Հաղթանակի տոնի պատվին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Վլադիմիր Պուտինին հայտարարել Ուկրաինայում ռազմական էական հաջողությունների մասին։
  • Միանգամայն հավանական է, որ ՌԴ ներխուժման պլանը հիմնված է եղել սխալ ենթադրությունների վրա, որ ռուսական բանակը կհանդիպի միայն սահմանափակ դիմադրության և կկարողանա արագ շրջափակել և շրջանցել բնակավայրերը։
  • Այդ ենթադրությունը ռուսական ուժերին ստիպեց փորձել գործողության սկզբնական փուլն անցկացնել այն մեթոդով, որը նախատեսված էր նվազագույն կորուստներով արագ հաղթանակի հասնելու համար։ Այդ հաշվարկը հանգեցրեց անհամաչափ կորուստների և Ռուսաստանի օպերատիվ տեղակայման հետագա թուլացմանը։

The Village-ը գրում է, որ Rutube-ը «վերականգնման ենթակա չէ»։

Կայքը նախօրեին ենթարկվել էր կիբերհարձակման և մինչ այս պահը չի գործում։

Պարբերականի աղբյուրի տվյալներով, որը մոտ է կանգնած Rutube-ի թիմին, հաքերների գործողությունների հետևանքով «ամբողջությամբ ջնջվել է կայքի կոդը»։

Սովորաբար նման դեպքերի համար նախատեսված են backup-ները, սակայն այս իրավիճակում խնդիրը կայանում է նրանում, որ մինչ այս պահը չեն հասկանում, թե արդյոք նախկինի պես հաքերը հասանելիություն ունի համակարգին, թե արդեն ոչ։

Փոխարենը ընկերությունը հերքում է հաքերային հարձակման հետևանքով կայքի կոդի կորուստը։

«Կայքի ելքային կոդի կորստի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք իրոք բախվել ենք գոյության պատմության ողջ ընթացքի ամենաուժեղ կիբերհարձակման հետ: <...> Սակայն մռայլ կանխատեսումները որևէ ընդհանուր բան չունեն իրերի իրական վիճակի հետ։ Ելքային կոդը հասանելի է, գրադարանը ամբողջական»,- նշել են ընկերությունից։

Ընդ որում, ծառայության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ աշխատանքների վերականգնումը ավելի շատ ժամանակ կպահանջի, քան ի սկզբանե ենթադրվում էր։

Լուսանկարը՝ Narciso Contreras/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter