HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջեյհուն Բայրամով. ադրբեջանական 5 առաջարկներին Հայաստանն արձագանքել է 6 կետով

Ադրբեջանը դեռ փետրվարին է խաղաղության պայմանագրի 5 բազային սկզբունքների վերաբերյալ առաջարկ արել Հայաստանին, իսկ վերջինս հայտարարել է, որ այդտեղ իր համար որևէ անընդունելի կետ չկա՝ ներկայացնելով 6 կետից կազմված արձագանք։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի կողմից ընդունված փաստաթուղթը։ Բայց եթե նայենք այդ փաստաթղթին, ապա դա չի կարելի անվանել առաջարկներ։ Հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հանդիսանում է ադրբեջանական առաջարկներին արձագանք։ Ես կարող եմ թվարկել այդ արձագանքի 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք ենթադրություններ անել, թե որքանով դա կարելի է առաջարկներ անվանել»։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ կետերից մեկում նշվում էր, որ ադրբեջանական կողմը փետրվարի 21-ից մարտի սկիզբ Հայաստանին պետք է ներկայացնի բազային առաջարկները։ 

«Ադրբեջանն առաջին օրից նշել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին պետք է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ապա ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետը կայանում է նրանում, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ 1992 թվականին երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամներ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ չափով Ադրբեջանի բազային սկզբունքի կրկնությունն է»։

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ պայմանավորվածություններից մեկը, որը ձեռք է բերվել ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ, կայանում էր նրանում, որ կստեղծվի սահմանների սահմանազատման հանձնաժողով։

Նա նշել է, որ մինչև ապրիլի վերջ նախատեսվում էր անցկացնել առաջին նիստը։ «Կարող եմ նշել, որ մինչև հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտաքին գործերի նախարարի միջև, որի ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկը կայանում էր նրանում, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը պետք է գլխավորի հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով»,- ասել է Բայրամովը։

Նրա պնդմամբ՝ Արարատ Միրզոյանի հետ դեռ առաջին հեռախոսազրույցի ժամանակ վերջինս ըմբռնմամբ է մոտեցել դրան՝ նշելով, որ Հայաստանում այդ առաջարկի քննարկման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Այնուհետև հայկական կողմը հայտարարել է, որ այդ առաջարկն ընդունելի է իր համար։ 

«Կա կողմերի միջև պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմն արդեն ապրիլին պատրաստ էր այդ նիստի անցկացմանը։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կկատարի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել է նախարարը։

Բայրամովը մեկնաբանել է նաև Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ցույցերը, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ նրանք, որոնք Հայաստանում կազմակերպում և անց են կացնում ցույցերը, ապրում են պատրանքներով։ «Բնականաբար, մենք հետևում ենք այդ գործընթացներին։ Նշեմ, որ խոսքը չի գնում ցույցերին հանրային լայն աջակցության մասին։ Մարդկանց թիվը, որոնք հետևում են նրանց, չի գերացանցում 6-7 հազար մարդը։ Եվ դա կրկին վկայում է այն մասին, որ հայ հանրությունը հոգնել է այդ կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- եզրափակել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Դեռ մարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Կարդացեք նաև՝ 

5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter