
Փաշինյանը նորից արտերկիր է մեկնում մասնավոր ավիաընկերության ինքնաթիռով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ արտերկիր է մեկնում ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ հայկական մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» ինքնաթիռով։ Պատճառն այն է, որ կառավարական միակ ինքնաթիռը գտնվում է տեխսպասարկման մեջ եւ առժամանակ չի կարող սպասարկել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստան։ Տարածված լուսանկարներում եւ տեսանյութում կարելի էր տեսնել, որ ՀՀ պատվիրակությունը Մոսկվա է ժամանել («Վնուկովո» օդանավակայան) «Արմենիայի» «Boeing 737-800» տիպի օդանավով (հայկական գրանցումը՝ EK-73705)։ Ապրիլի 20-ին «Արմենիայի» բորտով հայկական պատվիրակությունը Մոսկվայից մեկնել էր Նիժնի Նովգորոդ եւ նույն օրը վերադարձել Երեւան։
Դրանից մեկ ամիս չանցած՝ այսօր, վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Նիդերլանդներ։ Այս պահին «Արմենիայի» նույն օդանավը՝ EK-73705-ը, Խորվաթիայի երկնքում է։
Մասնավոր ավիաընկերության ծառայությանը դիմելու պատճառն այն է, որ կառավարական բորտը («Airbus A319-132 (CJ)», գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») ապրիլի 14-ին Երեւանից թռել է Պրահա՝ տեխսպասարկման։
Օդանավը մինչ օրս Չեխիայում է։
Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ կառավարական ինքնաթիռը՝ «Զվարթնոցում», հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան
Մեկնաբանել