HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի կառավարությունը կֆինանսավորի Հայաստանում կլիմային հարմարվողականությանն ուղղված միջոցառումների անցկացումը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այսօր մեկնարկեցին նոր գործընկերություն՝ վերահաստատելով իրենց հանձնառությունն աջակցելու Հայաստանին հասնելու Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին։

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Ճապոնիայի կառավարությունը 900.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարելու Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով երկրի կլիմայական ազգային խոստումների իրականացումն առաջ մղելու համար։

«ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ իրականացվող և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» նոր ծրագիրը կուժեղացնի երկրի կլիմայական դիմակայունությունը և կօգնի մեծացնել հարմարվողականության միջոցառումները՝ թիրախավորելով նաև կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, խոցելի խավերին և ֆերմերներին։

«Հիդրոօդերևութաբանական երևույթների աճող հաճախականությունն ու ինտենսիվությունը հսկայական կորուստներ և վնասներ են հասցնում հատկապես գյուղատնտեսությանը և ենթակառուցվածքներին։ Այս առումով մենք վստահ ենք, որ ծրագրի շրջանակներում կատարելագործվող տեխնոլոգիական և մասնագիտական կարողություններն էապես կնպաստեն այս մարտահրավերների հաղթահարմանը»,- բացման իր խոսքում նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը։

Խոսելով այս նոր գործընկերության ռազմավարական նպատակների մասին՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան մասանորի Ֆուկուսիման հույս է հայտնել, որ այս օժանդակությունը ժամանակին և տեղին կլինի՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ռիսկերը և հասնելու արտանետումների կրճատմանը, որը նախատեսվում է զգալիորեն նվազեցնել  մինչև 2030 թվականը։

«Նոր նախաձեռնությունը հիմնված է ՄԱԶԾ-ի, Կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ կլիմայի, շրջակա միջավայրի և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում սերտ և հաջողված համագործակցության և բարձր արդյունքների վրա՝ նպաստելով ազգային առաջնահերթությունների իրականացմանը Փարիզյան համաձայնագրով երկրի պարտավորություններին համահունչ»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Ծրագրի մեկնարկային աշխատաժողովի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրեցին ծրագրային փաստաթուղթը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter