HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը

Մայիսի 10-ին 88 տարեկան հասակում մահացել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։ Այդ մասին հայտնում է «Украинские новости» գործակալությունը։

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Կրավչուկը մահացել է Կիևի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին) երկարատև հիվանդությունից հետո։ Լուրը հաստատել է նաև Ուկրաինայի առաջին նախագահի ընտանիքը։

Լեոնիդ Կրավչուկն Ուկրաինան ղեկավարել է 1991 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի հուլիս։ Նախագահի կարգավիճակում նա ստորագրել էր Բելովեժյան համաձայնագիրը, որը վերջ դրեց ԽՍՀՄ գոյությանը։

Կրավչուկի մահվանից ընդամենը մեկ շաբաթ առաջ, 87 տարեկանում մահացել էր նաև անկախ Բելառուսի առաջին նախագահը՝ Ստանիսլավ Շուշկևիչը, որը, ինչպես և Կրավչուկը, մասնակցել էր Բելովեժյան գործընթացին։

Կրավչուկը ծնվել էր 1934 թվականին Ռովնոյի մոտ գտնվող Վելիկի Ժիտին գյուղում։ Իր քաղաքական կարիերան նա սկսել էր Ուկրաինայի կոմունիստական կուսակցության Չեռնովցի մարզային կոմիտեի քարտուղարի օգնականի պաշտոնից։ 1980 թվականին մարտին նրան ընտրել էին Ուկրաինական ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1989-1990 թվականին նա զբաղեցրել էր Ուկրաինայի կոմկուսի գաղափարախոսական բաժնի ղեկավարի ու կուսակցության քարտուղարի պաշտոնը։

Կոմկուսից Կրավչուկը դուրս է եկել 1991 թվականի օգոստոսին։ Նույն տարվա դեկտեմբերի 1-ին ուղիղ նախագահական ընտրություններով նա ընտրվեց Ուկրաինայի նախագահ։

1994 թվականի հուլիսին համաձայնվեց մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին և պարտվեց Լեոնիդ Կուչմային։

Նախագահությունից հետո Կրավչուկը մի քանի անգամ ընտրվել էր Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր, սակայն այն բանից հետո, երբ 2006 թվականին Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (միավորում) չկարողացավ հավաքել խորհրդարան անցնելու անհրաժեշտ ձայները, առաջին նախագահը այլևս չմասնակցեց ընտրություններին։ 

2016 թվականին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Կրավչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է հպարտանալ նրանով, որ դարձել է ԽՍՀՄ-ը փլուզած երկրներից մեկը։

Լուսանկարը՝ eadaily.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter