HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 77-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Առավոտյան ամփոփումն սկսենք ժամի հիմնական նորություններով

  • ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։ 23, 4 միլիարդ դոլարը կհատկացվի ռազմական օգնությանը, իսկ մնացածը՝ մարդասիրական և տնտեսական աջակցությանը։
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի բյուրոն հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 3459 մարդ, այդ թվում 238 երեխա։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ներքին տեղահանված մարդկանց թիվը գերազանցել է 8 միլիոնը։
  • Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հանդիպումը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինային օգնությունը, այդ թվում նաև ռազմական։ Դրագին նաև կոչ է արել կողմերին նստել բանակցությունների։
  • Գերմանիայի իշխանությունները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում, Համբուրգի նավահանգստում ձերբակալել են առնվազն 400 միլիոն եվրո արժեցող սուպեր զբոսանավ։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ այն պատկանել է Ռոման Աբրամովիչին, իսկ հիմա դրա սեփականատերը պատժամիջոցների տակ հայտնված ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովն է։

Հաուբիցներ, դրոններ, հրացաններ, փամփուշտներ, ականներ… Պենտագոնը հրապարակել է Ուկրաինա մատակարարվող սպառազինության ցանկը

Պենտագոնը մամուլին է ուղարկել այն սպառազինության ամբողջական ցանկը, ինչն արդեն իսկ ուղարկվել կամ պատրաստում է ուղարկել Ուկրաինա։ Ցանկը մասնավորապես հրապարակել է Washington Post թերթի ազգային անվտանգության բաժնի փոխխմբագիր Էնդրյու Դեգրանպրեն։

Javelin-ների, հաուբիցների և Switchblade կամիկաձե դրոնների մասին շատ է խոսվել, այդ իսկ պատճառով ստորև ներկայացված է այն սպառազինության ցանկը, ինչի մասին մամուլում քիչ է խոսվել։ 

  • ավելի քան 7000 միավոր հրաձգային զենք,
  • ավելի քան 50 միլիոն փամփուշտ,
  • 75 հազար զրահաբաճկոն-սաղավարտ,
  • լազերային ճառագայթով կառավարվող հրթիռային համակարգեր,
  • մերձափնյա պահպանության անվարորդ նավակներ,
  • M18A1 Claymore հակահետևակային ականներ,
  • C-4 պայթուցիկներ,
  • ռադիոսարքեր,
  • գիշերային տեսանելիության ապարատներ, օպտիկա, լազերային հեռաչափեր,
  • ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը պնդում է, որ Ռուսաստանը գողացել է Մելիտոպոլի թանգարանի թանկարժեք իրերը, այդ թվում սկյութական ոսկու հավաքածուն։

Դատախազության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլին զինվորականները քաղաքացին դուրս են հանել Մելիտոպոլի երկրագիտական թանգարանի պատմամշակութային իրերը, որի ցուցանմուշների թվում եղել է սկյութական ոսկի, որը նախորդ հարյուրամյակի 50-ական թվականներին հայտնաբերել էին հնագետները։

ԵՄ-ն չի կարող դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդ։

Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ «դա չեն ընդունի ռուսները»։

Պաշտոնյան նաև կարծիք է արտահայտել, որ այդ դերին չի համապատասխանում նաև Չինաստանը, քանի որ վերջինս «միտված է Ռուսաստանի կողմը»։ Բորելի կարծիքով՝ «լավ աշխատանք է անում» Թուրքիան, սակայն միջնորդի լավ տարբերակ կարող էր ՄԱԿ-ը լինել։

Հունգարիան կարող է փոխհատուցում ստանալ ԵՄ-ից՝ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին աջակցելու համար։

Այդ մասին գրում է Politico-ն։ Պարբերականի տվյալներով՝ Բուդապեշտը կարող է գումար ստանալ Եվրամիության նոր էներգետիկ ռազմավարության շրջանակներում, որը պետք է ներկայացվի հաջորդ շաբաթ։ 

Ենթադրվում է, որ նոր փաթեթով փուլային էմբարգո կդրվի ռուսական նավթի ներկրման վրա, իսկ ԵՄ երկրները մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է հրաժարվեն դրանից։ Ընդ որում, ԵՄ-ն ավելի վաղ արդեն իսկ հայտարարել էր, որ պատրաստ է բացառություններ անել Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի համար, որոնք ամենաշատն են կախված ռուսական մատակարարումներից։

Բրիտանական հետախուզությունը Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։

Այս անգամ այն նվիրված է Ուկրաինայի Զմեյնի կղզուն։

  • Շարունակվում են Զմեյնի կղզու համար մարտերը։ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել չպաշտպանված կայազորը, որն այնտեղ տեղակայված է։
  • Ուկրաինան, Bayraktar տեսակի անօդաչուներով, հարվածներ է հասցրել ռուսական ՀՕՊ միջոցներին և նավերին։ Ռուսական մատակարարման նավերը, «Մոսկվա» հածանավի խոցումից և Ղրիմ սևծովյան նավատորմի հետքաշման հետևանքով, Սև ծովի արևմտյան հատվածում թույլ են պաշտպանված։
  • Ռուսաստանի ջանքերը, կղզում մեծացնելու իր ուժերը, Ուկրաինային ավելի շատ հնարավորություն են տալիս հարվածներ հասցնելու ռուսական զորքերին։ Սակայն եթե Ռուսաստանն ամրապնդի իր դիրքերը, կկարողանա գերակայել Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում։

Նոր Զելանդիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը։

Սահմանափակումների տակ են հայտնվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևը, «Красная звезда» մեդիահոլդինգի նախագահ Ալեքսեյ Պիմանովը, News Front պորտալի համահեղինակ Միխայիլ Սինելինը, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը և գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել «Ինտերնետ հետազոտությունների գործակալություն» ընկերությունը, որը հայտնի է «թրոլների ֆաբրիկա» անունով, ինչպես նաև ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր վարչության հատուկ տեխնոլոգիաների գլխավոր կենտրոնը։

Լուսանկարը՝ fism.tv-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter