
Ֆինլանդիան և Շվեդիան արդեն հաջորդ շաբաթ կարող են միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել
Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցության համատեղ դիմումի միաժամանակ ներկայացման հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է ֆիննական խոշորագույն Helsingin Sanomat թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։
Պարբերականի տվյալներով՝ Ֆինլանդիայի իշխանությունները Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության վերաբերյալ պաշտոնապես որոշում կընդունեն կիրակի օրը՝ մայիսի 15-ին։ Նույն օրը, ինչպես ակնկալում է թերթը, համանման քայլի մասին կհայտարարի նաև Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը։
Ինչպես գրում է Helsingin Sanomat-ը, անդամակցության հայտի համատեղ դիմումը դիտարկվում է որպես երկրների միջև համաձայնության նշան և ցանկություն պաշտպանելու միմյանց։ Բացի այդ, դա կդառնա նաև կարևոր մեդիա իրադարձություն։
Եթե անհնարին լինի նույն օրը հայտ ներկայացնել, ապա երկրները կփորձեն անել դա որքան հնարավոր է կարճ ժամանակային տարբերությամբ։
Չեզոք կարգավիճակ ունեցող Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտիվորեն սկսեց քննարկվել և քաղաքական օրակարգ մտավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ավելի վաղ, նշվում էր, որ այդ երկրները հնարավոր է անդամակցության հայտ ներկայացնեն ամռանը։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել