«Էրեբունի» արգելոց-թանգարանը կմիանա Թանգարանների եվրոպական գիշերվան
Մայիսի 19-ին՝ ժամը 18:00-ին, Եվրոպայում կմեկնարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը, որը կշարունակվի մինչև կեսգիշեր: 2005 թ.-ից ի վեր արձանագրելով մեծ հաջողություն՝ այն դարձել է սպասված տոն հարյուր հազարավոր եվրոպացիների համար: Միայն անցյալ տարի եվրոպական 37 երկրի 3700 մշակութային հաստատություն դարձել է այդ տոնի մասնակիցն ու կայացման երաշխավորը: Թանգարանների եվրոպական 8-րդ գիշերը ևս խոստանում է գերել այցելուներին՝ միավորելով մշակույթը, մանկավարժությունը, ժամանցն ու գիտությունը:
«Էրեբունի. նոկտյուռն» խորագրի ներքո գիշերային բեմահարթակի կվերածվի նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Արձագանքելով համաեվրոպական մուլտիմեդիա մեկ այլ նախաձեռնության՝ արգելոց-թանգարանը միացել է նաև «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ցուցահանդեսին՝ համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1984թ. Երևանի բիայնական դամբարանից հայտնաբերված ցլագլուխ աճյունասափորը: Ցուցահանդեսը մատչելի է Թանգարանների եվրոպական գիշերվա պաշտոնական կայքում:
Թանգարանների միջազգային խորհրդի այս տարի առաջարկած «Թանգարանները փոփոխվող աշխարհում» կարգախոսի համատեքստում արգելոց-թանգարանը մայիսի 19-ին հանդես կգա գերազանցապես երաժշտական «հանդերձանքով»՝ խախտելով թանգարանի ավանդական լռությունը և այցելուին առաջարկելով ցուցասրահներով անցնել կատարողական արվեստների ուղեկցությամբ. մարտարվեստի ցուցադրական դաս, ժամանակակից բալետ, երգչախմբային արվեստ, դաշնամուրային դասական ու սիրված կատարումներ:
Թանգարանների եվրոպական գիշերը արգելոց-թանգարանը կանցկացնի թաեքվոնդոյի «Սատորի» ակումբի, «Փարոս» կամերային երգչախմբի, «Շելլ» դաշնամուրային տրիոյի, դաշնակահար Միքայել Գաբրիելյանի, պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի և Անի Գալստյանի, Հայկական դրամի խորհրդանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանի աջակցությամբ:
Կարևորելով թանգարանների կրթադաստիարկաչական դերը և մատաղ սերնդի գեղարվեստական համակողմանի կրթությունը՝ «Էրեբունի. նոկտյուռնը» կմեկնարկի Երևանի բնօրրանում՝ Էրեբունի ամրոցի միջնաբերդում կազմակերպված ճեպանկարի ժամով՝ Մ. Սարյանի անվ. գեղարվեստական դպրոցի սաների մասնակցությամբ:
Երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակության կարևորությունը կխորհրդանշի թաեքվոնդոյի «Սատորի» ակումբի սաների ցուցադրական ելույթը: Այնուհետև ամբողջ երեկոյի ընթացքում իրար հաջորդող պարային ու երաժշտական կատարումները կհնչեն որպես շնորհավորանք՝ ուղղված եվրոպական բոլոր թանգարաններին և թանգարանների միջազգային հանրությանը՝ ի նշանավորումն Թանգարանների միջազգայի օրվա 35-րդ տարեդարձի:
Թանգարանային գիշերն «Էրեբունի» արգելոց-թանգարանում այս տարի մատչելի կլինի նաև տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, ովքեր ցուցասրահ կարող են մուտք գործել 1ամիս առաջ շահագործման հանձնված թեքահարթակով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիշեցնում է, որ «Թանգարանների եվրոպական գիշերն» իրականացվում է 2005 թ.-ից՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի և Թանգարանների միջազգային խորհրդի բարձր հովանու ներքո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել