HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հորդանան գետի արևմտյան ափին բախումների ժամանակ սպանվել է Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Աքլեն

Արաբական Al Jazeera հեռուստաընկերության լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Այդ մասին հայտնում է քաթարական հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 51-ամյա լրագրողը լուսաբանում էր Ջենին քաղաքի պաղեստինյան փախստականների ճամբարում իսրայելցի զինվորականների հերթական ստուգայցը, որտեղ մայիսի 11-ի առավոտյան փոխհրաձգություն էր սկսվել։ Բախման ժամանակ Աբու Աքլեն, որի վրա եղել է «Press»  գրառմամբ զրահաբաճկոն, գլխին վիրավորում է ստացել։ Լրագրողին հասցրել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա հետ միասին վիրավորվել է նաև Al-Quds պարբերականի թղթակից Ալի Սամոդին, որի վիճակը գնահատվում է կայուն։ Վերջինս ևս տեղափոխվել է հիվանդանոց։

Al Jazeera-ն Շիրին Աբու Աքլեի սպանության մեղքը դրել է Իսրայելի անվտանգության ուժերի վրա՝ այն անվանելով «սառնարյուն սարսափելի հանցագործություն, որը խախտում է միջազգային նորմերը»։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ լրագրողին կարող էին պատահմամբ սպանել պաղեստինցի զինյալները։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն առաջարկել է պաղեստինյան կողմին անցկացնել պատահարի համատեղ հետաքննություն։ «Բոլոր լրագրողները պետք է պաշտպանված լինեն հակամարտության գոտիներում և յուրաքանչյուրը պատասխանատու է նրա համար, որպեսզի հասնի ճշմարտությանը»,- ասել է Լապիդը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ իսրայելական բանակը կշարունակի անցկացնել գործողություններ ամենուր, որտեղ անհրաժեշտ կլինի ապահովել Իսրայելի անվտանգությունը։ 

Շիրին Աբու Աքլեն, որը ծնվել էր Երուսաղեմի արաբական ընտանիքում և ուներ ամերիկյան քաղաքացիություն, Al Jazeera հեռուստաընկերությունում աշխատում էր 1997 թվականից։

Լուսանկարը՝ Mohammed Saber / EPA / Scanpix / LETA

Մեկնաբանություններ (1)

Թալին Ոսկերիչեան
Ի՞նչ ըսել է «Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։» Իմաստ չունի այս խոռագիրը. աւելին՝կարծես Հետքը կը խուսաբիք ճիշդ բառերը գործածելէ--Ժէնին քաղաքը Պաղեստինեան Իսրայէլի կողմէ գրաւուած տարածքներուն մաս կը կազմէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter