HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խելք տեխնոլոգիական դպրոցն ավարտել են առաջին 15 շրջանավարտները 

Խելք անվճար տեխնոլոգիական դպրոցը, որ աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական ստարտափի հավատարմագրված ծրագրով, ավարտեց իր առաջին խմբի ծրագիրը՝ աշխատաշուկայի համար պատրաստելով վեբ ծրագրավորման 15 նոր մասնագետներ: Այս մասին հայտնում են դպրոցից՝ նշելով, որ ավարտական միջոցառման եւ սերտիֆիկացված քննության համար Երեւան էին ժամանել ոչ միայն դպրոցի հիմնադիրները Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից, այլ նաեւ ֆրանսիական SIMPLON-ի համահիմնադիր Ֆրեդ Բաղդոն: 

«Անցած 6 ամիսների ընթացքում Խելք դպրոցի առաջին խմբի ուսանողներն ամբողջօրյա առցանց դասերի ընթացքում սովորել են վեբ ծրագրավորում՝ բացառապես նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս գործնականում զուգահեռաբար կիրառել ստացված գիտելիքներն ու զարգացնել ծրագրավորման համար անհրաժեշտ հմտություններ: Այժմ նրանք պատրաստ են անցնել Խելք դպրոցի ծրագրով նախատեսված փորձնակության փուլին, որի շրջանակում իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառության մեջ կդնեն հայկական ՏՏ ընկերություններում:  

Միաժամանակ Խելք դպրոցն ավարտել է երկրորդ խմբի մասնակիցների ընտրությունը: Մրցակցությունը բավական մեծ է եղել. ստացված 500 հայտերից ընտրվել են 25 մասնակիցներ, ովքեր հունիսից կսկսեն երկրորդ անվճար դասընթացը: Փորձելով լինել առավել հասանելի՝ դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին եւ ատերազմից տուժած ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ մարզերի եւ Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց: Սովորելու համար գլխավոր պայմանը չափահաս լինելն է եւ մեծ ցակությունը՝ մուտք գործելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ որպես որակյալ մասնագետ: 

Խելք դպրոցը նաեւ շարունակում է համագործակցությունը ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ընդունել որպես փորձնակ՝ աշխատանքի ընդունելու հնարավորությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

«Անգամ մինչեւ առաջին խմբի ավարտը մենք սկսեցին գրանցել հաջողություններ: Մասնակիցներից մեկը նույնիսկ մինչեւ ավարտական սերտիֆիկացումը, դիմեց եւ ընդունվեց հայկական ՏՏ ստարտափերից մեկը՝ որպես կրտսեր մասնագետ: Սա փաստ է, որն ինքնին խոսում է մեր կատարած աշխատանքի մասին»,- ասել է Հայաստանում Խելք դպրոցի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Հայաստանում նոր ՏՏ դպրոց հիմնելու գաղափարն առաջացել է 2020 թվականի պատերազմի օրերին ֆրանսահայ Սիրիլ Հարպուտլյանի մոտ: Հայաստան ու Արցախ տարբեր տեսակի օգնություն ուղարկելիս մի օր Սիրիլի 10-ամյա որդին հորը հարցրել է, թե էլ ինչ «չսպառվող» բան կարելի է անել օգնելու համար: Դա էլ առիթ է դարձել կրթական հիմնադրամ եւ ՏՏ դպրոց հիմնելու համար: Սիրիլին միացել են նաեւ այլ ֆրանսահայեր եւ ամերիկահայեր, ովքեր օգնում են կազմակերպել դպրոցի համար ֆոնդերի հայթայթումն ու կայուն աշխատանքի կազմակերպումը:

Խելք դպրոցի հաջորդ խմբի հավաքագրումը նախատեսված է աշնանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter