HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը հայտնում է՝ հերթով շրջափակելու է պետական կառույցները․ բողոքի ակցիաների 17-րդ օրը

Իշխանությունների հեռացման պահանջով բողոքի ակցիաների 17-րդ օրն ընդդիմադիրները Երևանում տարբեր ուղղություններով ավտոերթեր են իրականացրել։ Դրան զուգահեռ ակցիայի մասնակիցները մայրաքաղաքում փողոցներ են փակել։

Ոստիկանությունը ավտոերթի մասնակիցներին թույլ չի տվել մտնել Հանրապետության հրապարակ և կոչ է արել վարորդներին մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից։ Ավտոերթի մասնկաիցներն ասել են, որ եթե ոստիկանները չբացեն ճանապարհը, իրենք մեքենաները կթողնեն և կգնան, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել նրանց մի մասին:

Այնուհետև Ֆրանսիայի հրապարակից ակցիայի մասնակիցներն իրենց երթը սկսել են Սայաթ-Նովա փողոցով։ Հասնելով Երևանի քաղաքապետարանի մոտ՝ նրանք շրջափակել են շենքի ելքերը։ 

«Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք, բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում»,- ասել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ոստիկանության մեծաթիվ ուժերը թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մտնել շենք։

Իշխան Սաղաթելյանն ավելի ուշ պարզաբանել է, թե ինչու են շրջափակել քաղաքապետարանի շենքը։

«Մարդկանց հետապնդում են, ճնշում են իրենց հայացքների համար, սպառնում են հանրահավաքներին մասնակցելու համար, և այդ կառույցը ծառայում է ոչ թե երևանցիներին, այլ օրվա չարիքի իշխանությանը։ Հետևաբար, մենք հերթով նման կառույցները շրջափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն։ Այսօր փակել ենք 2 ժամ, եթե խելքի չգան, վաղը փակելու ենք 4 ժամ, մյուս օրը՝ 6 ժամ, մինչև հասնենք վերջնական շրջափակման»,- նշել է պատգամավորը։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասահման գործողումներին՝ հայտնելով, որ նա հայ ժողովրդին ներկայացնելու մանդատ չունի և իր հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն առոչինչ է։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահը հայտարարել է․ «Շարունակելու ենք անհնազանդության ակցիաները այնքան, մինչև հասնենք մի ծավալի, երբ այլևս ժողովրդի ցասումը չկարողանան կասեցնել»։

Ընդդիմադիրները վաղն առավոտյան կշարունակեն բողոքի անհնազանդության ակցիաներ և ավտոերթեր իրականացնել։ Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter