HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Ավանեսյանիի ուղերձը` Բուժքույրերի միջազգային օրվա առիթով

Առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավերապես ասված է․

«Սիրելի բուժքույրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական միջազգային օրվա առիթով:

Երախտագիտությունս եմ հայտնում, որ չնայած մի շարք մարտահրավերների ու աշխարհն ահաբեկած համավարակի, ձեր մասնագիտական բարձր որակների, համբերատարության ու հոգատարության շնորհիվ կարողացաք կատարել ձեր առաքելությունը:

Դուք առանցքային դեր ունեք հիվանդների բարեկեցության, անվտանգության պահպանման և վերականգնողական բուժման հարցերում: Անփոխարինելի էր ձեր դերը հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում. դուք աշխատեցիք առաջնագծում` ծայրահեղ ծանրաբեռնված, սթրեսային և լարված իրավիճակներում` կյանքը կորցնելու վտանգն աչքի առաջ:

Առողջապահության նախարարությունը կարևորում է քույրական գործի բարեփոխումների անհրաժեշտությունը: Մենք մշակել ենք բուժքույրական գործի զարգացման ռազմավարություն, որի արդյունքում բուժքույրական ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով կկարողանանք բժշկական հաստատություններն ապահովել որակյալ մասնագետներով: Բուժքույրական ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման գործընթացներում: Գնում ենք բարեփոխումների` հստակ ուղենշելով բուժքույրերի որոշակի կատեգորիաների պայմանագրերով սահմանված նվազագույն աշխատավարձերի վերանայման,  «ծանրաբեռնված» աշխատանքի չափելիության սկզբունքների և խրախուսական մեխանիզմների սահմանման, կրթական համակարգի բարելավման, բարձրագույն կրթությամբ բուժքույրերի մոդելի ներդրման հարցերը: 

Նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 15-ին կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Առողջապահություն» բաժնում ավելացել է «Քույրական գործի բակալավր» որակավորումը:

Իսկ բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորությունների ստեղծման առաջին քայլն է, որի նպատակն է  բուժքույրերի դերի մեծացումը, կարողությունների բարելավումը, ներգրավումը բուժքույրական կրթության, գիտահետազոտական աշխատանքներում և միջազգային չափանիշներին համապատասխան` կրթված բուժքույրական կադրային ներուժի պատրաստումը:

Սիրելի բուժքույրեր, ձեր մասնագիտական օրվա այս տարվա ԱՀԿ կարգախոսի («Ներդրումներ կատարել քույրական գործ մասնագիտության զարգացման մեջ և հարգել բուժքույրերի իրավունքները») համաձայն, ամեն ինչ անելու ենք ձեր մասնագիտական զարգացման, մասնագիտական իրավունքի վերահաստատման ուղղությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter