HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 78-րդ օրը սկսենք գիշերվա ամփոփմամբ։

  • Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 3496 խաղաղ բնակիչ։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ը։ Եվ սա միայն նախնական տվյալ է։
  • ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը։
  • Ուկրաինական իշխանություններն առաջարկել են ռուսաստանցի ռազմագերիների դիմաց մարդասիրական միջանցքներով հանել «Азовсталь»-ում գտնվող իր մարտիկներին։ Ռուսաստանը դեռևս չի պատասխանել այս առաջարկին։
  • Ռուսաստանի Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են ուկրաինական կողմից Սոլոխի գյուղի ռմբակոծման մասին, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 6-ը։
  • Rutube հարթակը մասնակի վերականգնվել է՝ մայիսի 7-ին հաքերների հարձակումից հետո։
  • Ուկրաինայի ազգային գվարդիան (երկրի ՆԳՆ մի մասը) պատերազմի մեկնարկից ի վեր կորցրել է 501 զինծառայողի, ևս 1697-ը վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, այնտեղ ծառայում է մոտ 60 000 մարդ։

Գանք տնտեսական նորություններին։ Siemens-ը դադարեցնում է իր բիզնեսը Ռուսաստանում։

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայում պատերազմը և որոշել ենք անցկացնել պատշաճ գործընթաց, որպեսզի դադարեցնենք մեր արդյունաբերական գործունեությունը Ռուսաստանում։ Դա հեշտ որոշում չէր՝ հաշվի առնելով մեր աշխատակիցների նկատմամբ հոգալու մեր պարտավորությունները և շուկայում հաճախորդների հետ վաղեմի հարաբերությունները, որտեղ մենք աշխատում ենք արդեն 170 տարի»,- հայտարարել է ընկերության ղեկավար Ռոլանդ Բուշը։

Ռուսական շուկայից հեռանալու մասին հայտարարել է նաև ֆիննական Fortum էներգետիկ ընկերությունը։

Ավելի վաղ Ուկրաինայում պատերազմի պատճառով ընկերությունը դադարեցրել էր ներդրումային նախագծերն ու Ռուսաստանում իր դուստր ընկերությունների ֆինանսավորումը։ Հիմա Fortum-ը ամբողջությամբ դադարեցնում է Ռուսաստանում իր ապրանքանիշի կիրառումն ու դիտարկում դուստր ընկերությունների վաճառքի հարցը։

Ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում մոտեցել են Ռուսաստանի սահմանին։

Ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզում մոտեցել են Ռուսաստանի սահմանին, իսկ առանձին հատվածներում արդեն իսկ գտնվում են սահմանի վրա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 

«Դրանից ոչինչ չի փոխի, դա ունի խորհրդանշական նշանակություն, այլ ոչ ռազմական»,- ընդգծել է նա։

Ռոսավիացիան էլ 13-րդ անգամ երկարաձգել է Ռուսաստանի կենտրոնական և հարավային հատվածի օդանավակայաններ թռիչքի արգելքը։

Այն երկարաձգվել է մինչև մայիսի 19-ը։ Արգելքը տարածվում է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների վրա։ 

CNN-ը հրապարակել է ռուսաստանցի զինվորականների կողմից անզեն երկու ուկրաինացիների սպանության կադրերը։

Հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել Կիևի մոտ գտնվող ավտոխանութի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որն արվել է մարտի 16-ին՝ ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի գրավման առաջին փորձի ժամանակ։

Տեսանյութում երևում են ռուսաստանցի հինգ զինծառայողներ, որոնք փորձում են մտնել այդ շենք՝ կրակելով կողպեքին և կոտրելով ապակին։ Այնուհետ ձեռքերը բարձրացրած նրանց է մոտենում երկու տղամարդ. ավտոխանութի տերը, որի անունը դեռևս չի հրապարակվում և անվտանգության 68-ամյա աշխատակից Լեոնիդ Պլյացը։ Զինծառայողները նրանց խուզարկում են և կարճ զրույցից հետո ազատ արձակում։ 

Երբ տղամարդիկ գնում են, երկու զինվորական վերադառնում են և նրանց մեջքից կրակում։ Պլյացը, ոտքից վիրավորված լինելով, կարողանում է հասնել անվտանգության կետ և օգնություն կանչել, սակայն մինչ օգնության ժամանելը, նա արյունաքամ է լինում և մահանում։

Լրագրողների խոսքով՝ Ուկրաինայի դատախազությունն այս սպանությունների հետաքննությունում այն որակել է որպես ռազմական հանցագործություն։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ. Ռուսաստանի համաշխարհային աշխարհակարգի համար սպառնալիք է

Ռուսաստանը ուղիղ սպառնալիք է հանդիսանում համաշխարհային աշխարհակարգի համար՝ Ուկրաինայում իր բարբարոսական պատերազմի պատճառով։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի հետ բանակցություններից հետո։

Ֆումիո Կիսիդան ևս հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը խարխլում է համաշխարհային աշխարհակարգի հիմքերը և դրա հետ չի կարելի հաշտվել։ Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի սերտ փոխգործակցել ԵՄ-ի հետ՝ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների հարցում և Ուկրաինային օգնություն տրամադրելու գործընթացում։ 

Հանդիպման արդյունքներով՝ կողմերը նաև հայտարարել են թվային ոլորտում Ճապոնիա-Եվրամիություն գործընկերության մեկնարկի մասին։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter