
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Նախօրեին հայտնի դարձավ, որ կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ի թիվս այլ հարցերի, զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր (մայիսի 11-ին) հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են վերջին դրական պահերը և առաջիկա կոնկրետ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ պահվող անձանց ազատ արձակմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ պետքարտուղար Բլինկենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ համագործակցելով երկու կողմերի և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի օգնի երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Բլինքենը նաև ընդգծել է եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ունեցած դերը։
Այդ հեռախոսազրույցի մասին Էնթոնի Բլինքենը գրառում է արել նաև թվիթերյան իր միկրոբլոգում։
I spoke with Azerbaijani @PresidentAZ Ilham Aliyev today about how the United States can continue to support recent positive momentum on peace talks between Azerbaijan and Armenia.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 11, 2022
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է Էնթոնի Բլինքենը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած վերջին հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևը խոստացել էր, որ գերիների ևս մեկ խումբ ազատ կարձակվի և կվերադարձվի Երևանին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել։
«Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հակառակ պատասխան իրենք չստացան։
Մեկնաբանել